Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ իրենց մտահոգում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման։ Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Շալենբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի, գրում է «Արմենպրես»-ը։
Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հիշատակելով վերջերս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ Ավստրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։ Նշվում է նաև, որ Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։ Նշվել է նաև, որ չնայած Ուկրաինայի իրադարձությունների վրա արդարացի ուշադրությանը՝ չպետք է անտեսվեն մնացած թեժ կետերը։
«Ես ուրախ եմ Եվրամիության ամուր հանձնառության և Վաշինգտոնում կայացած բանակցությունների համար։ Սա ճիշտ ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մի օր կայունություն և խաղաղության համաձայնագիր կլինի։ Սակայն դեռևս կան շատ բաց հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Դրանց թվում է նաև հումանիտար մտահոգությունը, որը մեզ շատ է անհանգստացնում․ խոսքը Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։ Այս արգելափակումը պետք է դադարեցվի»․- հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ավստրիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Վիեննան հասանելի է՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր՝ հիշեցնելով, որ Վիեննան դա նախկինում ապացուցել է՝ հանդես գալով որպես երկխոսության և դիվանագիտության կենտրոն։