Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:
Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել, եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:
Մայիսի 28-ը բացառիկ էր նաեւ այն առումով, որ շրջեց մեր պատմութեան անիւը: Շրջեց մեր կամքով, եւ մեզ համար ցանկալի ուղղութեամբ:
Դարակազմիկ այս իրադարձութիւնը՝ Մայիսի 28-ը բիւրեղացումն էր հայ ժողովրդի՝ մտաւորականի, ռազմիկի, հոգեւորականի, շինականի, ռամիկի… մօտ հոգե-մտաւոր շրջադարձային այն փոփոխութեան, որի հիմքը դրւել էր ընդամէնը երեք տասնամեակ առաջ, 1890 թւականին, երբ հայութիւնը վերջնականապէս հասկացաւ եւ գիտակցեց, որ անհրաժեշտ է պայքարել, այլ ոչ թէ տրւել ճակատագրին, որ արժանապատիւ ապրելու իրաւունքը վաստակում են, այլ ոչ թէ մուրում, որ սեփական հողը պէտք է ընկալել որպէս հայրենիք, այլ ոչ թէ բնակավայր, որ հայրենիքում պէտք է ապրել որպէս տիրոջ, այլ ոչ թէ ստրուկի:
Մայիսի 28-ը, սակայն, առաջին հերթին եւ հիմնականում ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՄԱՆ եւ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹԵԱՆ տօնն է: Մայիսի 28-ը հիմքը դրեց մեր անկախութեան, որին յաջորդեց յաղթանակ կերտած սերնդի՝ ոչնչից, քաոսից պետականութիւն կառուցելու նւիրական ու տիտանական աշխատանքը: Աշխատանք, որի հիմքում ընկած էր արժէքաբանական ու գաղափարախօսական կուռ բազա, իդէալների ու տեսլականների յստակ ամբողջութիւն:
Եթէ վերադառնանք հեռաւոր 1918 թւականին եւ վերլուծենք Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման հոլովոյթը եւ այն օրերին Հայաստանում պետականաշինութեան գործընթացներն, ապա պարզ կը դառնայ, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր այրերի առջեւ դրւած հիմնական նպատակն ու խնդիրները եղել է՝ հայկական հողերի ազատագրումը՝ հողահաւաքը, Հայաստանի Հանրապետութեան սահմանների ընդլայնումը եւ ամրագրումը՝ հայրենատիրութիւնը, հայկական պետականութեան ձեւաւորումը եւ պետական կարգի ամրացումը՝ պետականաշինութիւնը:
Նպատակ, որի խտացումն ու մարմնաւորողը դարձաւ 1919 թւականի Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման առաջին տարելիցի առիթով, խորհրդարանի կողմից ընդունւած Միացեալ Հայաստանի հռչակագիրը. «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրւանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն... 1919 թ., Մայիսի 28, Երեւան քաղաք»:
Եւ հէնց այս նպատակն էր, որ մեծ իդէալի եւ տեսլականի տեսքով նրանք՝ Հանրապետութեան հիմնադիր այրերը պատգամեցին ու ժառանգեցին գալիք բոլոր սերունդներին:
Իդէալ, որը պէտք է դառնայ այն փարոսը, որով մենք պէտք է կողմնորոշւենք նաեւ, եւ յատկապէս այսօր, երբ կանգնած ենք պետականութիւնը կորցնելու յստակ մարտահրաւէրի առջեւ:
Տեսլական, որը պէտք է դառնայ հիմնասիւնը ներկայ եւ վաղւայ Հայաստանի:
Յստակ բանաձեւ, որը պէտք է դառնայ մեր գոյութեան եւ պայքարի բովանդակութիւնն ու իմաստը:
Մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք, որ չունենք այլընտրանք: Չկայ երկրորդ ընտրութիւն, որին ապաւինելով կարող ենք ապահովել եւ երաշխաւորել մեր՝ որպէս ազգ գոյատեւելու, լիարժէք զարգանալու եւ բարգաւաճելու իրաւունքը: Առանց Միացեալ Հայաստանի տեսլականի նւիրագործման մենք յաճախ դատապարտւած ենք լինելու ճակատ տալու՝ կործանումից փրկւելու համար, ինչպէս այսօր:
Չմոռանա՛նք, մենք ճամբորդներն ենք երկար ու ձիգ այն ճանապարհի, որը սկսւել է դեռեւս 1918 թւականի Մայիսի 28-ին, եւ կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ հորիզոնում չի ուրւագծւել վերջին հանգրւանն ու կայանավայրը՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: