կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-11 16:43
Մշակույթ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թվականի հինգերորդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թվականի հինգերորդ համարը

Այսօրվանից համացանցում կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի հինգերորդ համարը: Միանգամից կարելի է նշել, որ խախտելով մեզանում հաստատված երեք տասնամյակի ավանդույթը՝ մայիսյան «Դրօշակ»-ը զուրկ է տոնական տրամադրությունից և արտահայտում է մեզ համար ոչ ուրախ ժամանակի շունչը: Այդ նույն տրամադրության արտահայտությունն է նաև համարի առաջնորդողը, որով փորձ է արվում պարզաբանել՝ մոտ ապագայի համապետական հնարավոր ընտրություններում ինչ սկզբունքների հիման վրա է անհրաժեշտ կատարել մեր և մեր երկրի վաղվա օրը մեծապես կանխորոշող ճակատագրական ընտրությունը:

Առաջնորդողին հաջորդող՝ Անի Մելքոնյանի «Խլված հաղթանակների մայիսը» հոդվածը անդրադարձ է մեկ դար առաջ ծանր դիմակայության գնով ձեռք բերված պետականության ձևավորման շրջանին, Արցախյան նոր հերոսապատումին և երկրին պատուհասած՝ այսօրվա իշխանությունների գործունեության արդյունքում կրած ծանր պարտությանն ու կորուստներին: Հայոց անկախ պետականության վերականգնման բախտորոշ իրադարձություններին է անդրադառնում նաեւ պատմաբան Արմեն Խաչատրյանը:

Կարծում ենք՝ ընթերցողի համար հետաքրքրական կլինի ընթերցել պատմական գիտությունների դոկտոր Վանիկ Վիրաբյանի երկու հոդվածները, որոնցում ներկայացված է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում նորաստեղծ պետության անվտանգության համակարգը կազմող Միլիցիայի, բանակի և հետախուզության ստեղծման պատմությունը:

Պատմական թեմային անդրադարձը շարունակվում է պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանի «Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ.» հետաքրքրական հոդվածի երկրորդ և վերջին մասով:

Արցախի թեմային «Դրօշակի» համարում անդրադարձել է արցախցի գրող և լրագրող Նորեկ Գասպարյանը: Արցախի խնդրին և ադրբեջանական հավակնություններին իրավաքաղաքական տեսանկյունից անդրադարձել է Գևորգ Հակոբջյանը:

Անկասկած, հետաքրքրություն կշարժի նաև Վրեժ-Արմենի հոդվածը, ով հրատարակված գրքի առիթով անդրադառնում է թե՛ տվյալ գրքի հեղինակին և թե՛, հատկապես, գրքի հերոսներին՝ Բալյանների ընտանիքին, որը հսկայական հետք է թողել Օսմանյան կայսրության ճարտարապետական դիմագծի վրա:

Կարծում ենք՝ «Դրօշակ»-ի մյուս հոդվածները եւս կարժանանան ընթերցողների ուշադրությանը: