կարևոր
52759 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 13:38
Մշակույթ Հասարակություն

Համազգայինի Գյումրու գրասենյակը բացեց իր դռները

Համազգայինի Գյումրու գրասենյակը բացեց իր դռները

Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը, Գյումրիում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակի բացման արարողությունը։

Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի ունեցավ «Շիրվանեան» երիտասարդական կենտրոնի դահլիճում, որտեղ բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի նորաբաց գրասենյակի պատասխանատու Արա Նախշքարյանը։

« Գյումրին ուրախ է այսօր, որ պիտի կարողանա իր արվեստագետ հասարակության մեջքը ամուր պահող կառույցին իր օժանդակությունը բերելով՝ փոխադարձ վերաբերմունք ստանալ։ Խորին հարգանքով մեր շնորհակալությունն ու խոնարհումն ենք հայտնում Համազգային միության դարբիններին ու այդ դարբնոցում կոփված մեծամեծ հայորդիներին, որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ մոտ մեկ դար շարունակ աշխարհասփյուռ հայությունն իր ինքնատիպ դիմագիծը պահպանելով՝ վստահորեն քայլեց տարիների մեջ»,- իր խոսքում նշեց Արա Նախշքարյանը։

Հոգևոր հոր օրհնության խոսքից ու աղոթքից հետո ելույթ ունեցան Համազգայինի մեծ ընտանիքի ներկայացուցիչները։

Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը ներկաներին ողջունեց ԿՎ անունից և անդրադարձավ 95-ամյա Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի առաքելությանը։ «Հայ մարդուն, նախ և առաջ, պետք է փրկել մշակույթով և կրթությամբ, պատահական չէ, որ 1915 թվականին ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ անապատի ավազի վրա իրենց զավակներին հայոց տառերն էին սովորեցնում, որովհետև հասկանում էին, որ ով ողջ մնաց, կպահպանվի որպես հայ, չի մահանա հոգեպես, եթե տիրապետի իր լեզվին։ Այդ մեծ նպատակի՝ հային հայ պահելու գիտակցումով էլ ծնվել է Համազգայինը» ,- ընդգծեց Արտաշես Շահբազյանը։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն էլ իր խոսքում կարևորեց․ «Համազգայինը մի մեծ հայկական, ավանդական ընտանիք է, հայ ընտանիքներում ամեն մի երեխայի ծնունդ տոն է, որովհետև ընտանիքն այդ երեխայի հետ հույսեր ու փափագներ է կապում, ուրախանում նրա ամեն մի հաջողությամբ։ Այսօր Համազգայինի մեծ ընտանիքում այդ երեխան Գյումրիի գրասենյակն, և ես հավատում եմ, որ նա բարձր է պահելու ընտանիքի պատիվը։ Հատկապես հիմա, երբ հոգու սովը կարծես կերել է ամեն ինչ, անելիքները շատ են, հույսը մշակույթն է, փրկողը պիտի մշակույթը լինի․․․»։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, անդրադառնալով հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, նշեց, որ Համազգայինի նվիրյալ հիմնադիրները մեզ կարևոր պատգամ են փոխանցել, այն է․ « Միայն հոգևոր Հայրենիքը պահողները կարող են կերտել ֆիզիկական Հայրենիք։ Նրանք, ովքեր իրենց մեջ սպանում են հոգևոր Հայրենիքը, նրանք դադարում են պայքարելուց։ Չպայքարողներն այսօր ժողովրդին կանգնեցրել են մի մեծ աղետի առաջ, որի ականատեսն ենք հիմա Արցախում ու Հայաստանում։ Այսօր բոլորս, այդ հոգևոր Հայրենիքի վրա դողալով, պիտի պահենք մեր պետականությունը և այն փոխանցենք եկող սերունդներին» ։

Միջոցառման ընթացքում ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, Հայաստանի նկարիչների միության անդամ Սամվել Լաչիկյանը, գրականագետ Կարինե Մարտիրոսյանը։

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողության գեղարվեստական մասն ապահովեցին «Հրայրք» ազգային պարի համույթը և երգչուհի Հերմինե Ղարիբյանը։

Օրը նշանավորվեց նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից հայ մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ հրատարակված «100 բանաստեղծություն» գրքի (կազմեց՝ Սիլվա Յուզբաշյանը) շնորհանդեսով։

Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ բոլոր ներկաներին Համազգայինի կողմից գրքեր նվիրվեցին։