Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ Թեհրանի Հայ դատի գրասենյակի նախագահ Իսակ Յունանեսյանը
– Իրանահայ համայնքն ինչպե՞ս է պատկերացնում հայ-իրանական փոխհարաբերությունները: Իրանի հայ համայնքին բավարարո՞ւմ է Իրանի եւ Հայաստանի միջեւ այժմ եղած փոխհարաբերությունների մակարդակը:
– Հայ-իրանական հարաբերություններն անկախությունից ի վեր հայտարարությունների առումով եղել են բարձր մակարդակի, բայց այն, ինչը որ պետք է ժողովրդի համար տեսանելի լինի, դա մենք չենք տեսնում: Մի շարք հայտարարություններ, մի շարք առաջարկություններ, մի շարք գործընթացներ, որ այս երեսուն տարվա ընթացքում դեռ թղթի վրա են մնացել, եւ մենք դրանց առաջընթացը չենք տեսնում: Բնականաբար, իրանահայ համայնքը դա տեսնում է եւ մտահոգ է այդ առումով, եւ ինչ որ խոսվում է՝ հակառակը, այն, ինչ որ արվում է, տեսանելի չէ:
– Իրանը Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների արձագանքը դրան:
– Հայ-իրանական հարաբերություններում, մանավանդ Իրանի կողմից արձագանքը հատկապես պատերազմից հետո փաստում է, որ իրանական կողմը նկատել է, եւ իր համար շոշափելի է դարձել պանթուրքիստական վտանգը հենց Իրանի համար: Հենց այդ առումով պատերազմից հետո փորձել է մոտենալ Հայաստանի իշխանություններին եւ փորձել ձեւեր գտնել՝ կանխելու ադրբեջանա-թուրքական տանդեմը: Բայց, դժբախտաբար, դրանք էլ են մնացել հայտարարությունների տեսքով, եւ մենք որեւէ լուրջ գործընթաց հատկապես Հայաստանի կողմից, Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արեւմուտք նայող հայացքների պատճառով, չկա։ Այստեղ է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները խաչաձեւում են, այսինքն՝ Իրանն Արեւմուտքի հետ պրոբլեմ ունի, եւ Հայաստանի հայացքը դեպի Արեւմուտքն է: Հենց այդ պատճառով չի ստացվում որեւէ համաձայնություն Իրան-Հայաստան բարձր մակարդակի առումով:
– Փոխադարձ ու ավելի հաճախակի դարձած այցերը, հատկապես Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինչի՞ մասին են խոսում:
– Փոխադարձ այցելությունները հատկապես Իրանի առումով, իրանցի պաշտոնյաների այցերը Հայաստան փաստում են, որ Իրանը կարեւորում է Հայաստանի դերը տարածաշրջանում եւ Հայաստանի համար կարելի է ասել, որ կարեւորագույն արժեք է, հատկապես որ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Մեղրին եւ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ են, եւ ես կարծում եմ, որ հենց այդ առումով է, որ այդ մակարդակի այցելություններ տեղի են ունենում:
– Օրեր առաջ Իրան էին մեկնել Երեւանի քաղաքապետը, վարչապետի կինը՝ դուստրերի հետ։ Ինչպե՞ս է հայկական համայնքը դիմավորել Հայաստանից ժամանածներին, հատկապես՝ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին:
– Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կնոջ այցին Իրան, ասեմ, որ այդ այցը կազմակերպվել է Իրանի նախագահի կնոջ կողմից, եւ հայ համայնքը ոչ մի դերակատարություն չի ունեցել, եւ ընդհանրապես ոչ մի ծրագիր չեն ունեցել, որ հանդիպում կազմակերպվեր կամ որեւէ դիմավորում կազմակերպվեր Նիկոլ Փաշինյանի կնոջ համար: Եվ որքանով ես եմ տեղյակ, ոչ մի հանդիպում, ոչ մի դիմավորում հայ համայնքի կողմից տեղի չի ունեցել ՝ որեւէ եկեղեցի էլ չենք տեսել նրա այցը:
– Լուրեր տարածվեցին այն մասին, որ իրանահայ համայնքը հրաժարվել է հանդիպել Աննա Հակոբյանի հետ, ավելին, նրան հրաժարվել են ընդունել նաեւ հայկական եկեղեցում: Այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, եւ ինչո՞վ եք բացատրում նման վերաբերմունքը:
– Որքանով որ ես եմ տեղյակ, ոչ մի արգելք եկեղեցու կողմից չի եղել, որ արգելեն Նիկոլ Փաշինյանի կնոջ մուտքը: Եկեղեցիները կիրակի օրը բաց են եւ բաց են բոլորի համար, բայց որքանով որ ես եմ տեղյակ, ոչ մի այց տեղի չի ունեցել: