կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 22:24
Արցախ Քաղաքական

Անտարբեր մի եղեք, բոլորդ եկեք, կանգնեք, տեսնենք ինչ ենք անում. Ստեփանակերտի հրապարակում հավաք է

Անտարբեր մի եղեք, բոլորդ եկեք, կանգնեք, տեսնենք ինչ ենք անում. Ստեփանակերտի հրապարակում հավաք է

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում այսօր` դեկտեմբերի 22-ին, մի խումբ քաղաքացիներ են հավաքվել ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«Եկեք օր որոշենք եւ տարբեր լեզուներով գրված պլակատներով դուրս գանք, ինքնակազմակերպվենք եւ ցույց անցկացնենք: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» սխալ են, մենք պետք է առիթը բաց չթողնենք եւ փորձենք նրանց հետ մարդակայնորեն խոսենք, նկարահանենք եւ աշխարհին ցույց տանք, որ մենք ճիշտ ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը:

Նա նշեց, որ անվտանգությունը թերի է, հստակ քայլեր չեն ձեռնարկվում. «Մենք պետք  է տարբեր ջոկատներ ձեւավորենք, որպեսզի անվտանգությունից կարողանանք խոսել: Փորձում են մեր ազգը հավի ճուտ սարքել: Ես առաջարկում եմ արտակարգ կոմիտե  ստեղծել»:

Հավաքի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ որպես քաղաքացիական հասարակություն, իրենք պետք է անտարբեր չլինել, լինեն կազմակերպված. «Մենք պետք է հասկանանք, որ բավականին ծանր ճանապարհ ունենք անցնելու, մեր կարծիքները կարողանանք համակարգված ներկայացնել,կարողանանք մեր հասարակության անտարբեր անդամներին հասկացնել, որ պետք է անտարբեր  չլինել: Մենք պետք է կարողանանք չընկճվել, չկոտրվել, բայց միեւնույն ժամանակ վարդագույն ակնոցներով չլինենք: Խնդրում եմ, անտարբեր մի եղեք, բոլորդ եկեք, կանգնեք, տեսնենք ինչ ենք անում»:

Քաղաքացիները որոշեցին վաղը խմբով գնալ Լաչինի մջանցքը փակած ադրբեջանցիների մոտ եւ փորձել խոսել, մյուս օրն էլ խաղաղ բողոքի ակցիա կազմակերպել` իրենց ձայնը աշխարհի տարբեր երկրներին հասցնելու համար:

Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։