կարևոր
3595 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 18:45
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտության վերաբերյալ

Հայտնել էինք, որ Ընկերվար միջազգայնականի կողմից ընդունվել է Ադրբեջանին դատապարտող բանաձև:

Ներկայացնում ենք բանաձևի տեքստը՝ թարգմանաբար.

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստան ռազմական ներխուժումները, ներառյալ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, ինչպես նաև 2021 թվականի մայիսից մինչ այժմ շարունակվող սահմանային փոխհրաձգությունները, Ընկերվար Միջազգայինը (Socialist International) կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դուրս բերել իր ուժերը Հայաստանի տարածքից և վերադարձնել իր զորքերը իրենց սկզբնական դիրքերը.Մենք կոչ ենք անում պահպանել ռազմական գործողությունների դադարեցումն ու զինված ուժերի դուրսբերումը և երկու կողմերին կոչ ենք անում լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցված խաղաղության հաստատման գործընթացը պետք է զերծ լինի ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։ Ռազմական հակամարտությանը երրորդ կողմի ցանկացած մասնակցություն դատապարտելի է և պետք է կասեցվի։

Հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին հաստատված հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Վերջին հարձակումների ժամանակ գերի ընկածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև մյուս բոլոր գերիների և կալանավորների վերադարձը կարևոր քայլ է կայուն խաղաղության հասնելու համար: Ընկերվար Միջազգայինը դատապարտում է խոշտանգումները, որտեղ և երբ էլ որ դրանք տեղի ունենան, ու խստորեն կոչ է անում կառավարություններին պահպանել իրենց միջազգային պարտավորությունները և վերջ տալ այդ հանցագործությունների անպատժելիությանը:

Սոցինտերնը երկար ժամանակ զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ելքի որոնումներով և տարբեր առիթներով հանդիպել է իր անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին Հայաստանում և Ադրբեջանում՝ այդ երկրներում երկխոսությանը խթանելու և հարցի լուծմանը նպաստելու համար։ Շատ կարևոր է առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դա միայն կհանգեցնի ավելի մեծ տառապանքների, ավելի շատ մարդկային կորուստների և բռնության հետագա սրացման, ինչը երբեք և երբեք չի կարող լինել առաջընթացի ճանապարհ, ինչպես ողբերգականորեն ապացուցվել է անցյալում, վերջին անգամ էլ 2020 թվականի աշնանը: Ադրբեջանի ռազմական ձեռքբերումների արդյունքում՝ հակամարտության հիմնական պատճառները չեն լուծվել։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել առարկայական բանակցությունների համար իրենց ջանքերը, իսկ միջազգային հանրությանը` ընդհանուր առմամբ, իրենց դերը խաղալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Հիմնվելով հակամարտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշման վրա՝ Սոցինտերնը կշարունակի հավատարիմ մնալ խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, մինչև երկու երկրները հասնեն համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հարգելով երկու պետությունների և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների հիմնարար իրավունքները։