կարևոր
4744 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-05 18:08
Քաղաքական

Խաղաղությունն Արցախն է. Իշխան Սաղաթելյան

Այսօր մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից։ Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով։ Արցախը չպետք է հայաթափվի, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը. այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապակում տեղի ունեցած Միասնության հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ։

«Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տեր եք Արցախին, տեր եք Հայաստանին,  տեր ենք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։

Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։

Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։

  • միասնականություն՝ մեր ներսում
  • միասնականություն՝ Արցախին
  • միասնականություն՝ Սփյուռքին

Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը. Արցախը երբեք չի եղել և  չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը,Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ ասաց,որ Հայաստանի որևէ  իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ,որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը:

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։

Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և

ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր զավակին։

Ես վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամները արձագանք են գտնելու հայկական ամբողջ սփյուռքում։Նաև՝աշխարհում։Այս հանրահավաքը հիրավի դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբը ազդարարող հանրահավաք։

Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում և թշնամանք։Մենք դրա ողբերգական հետևանքները տեսանք՝ ավերածություններ, հազարավորզոհեր, հայրենիքի կորուստ։

Կեղծիքը, սուտը, հուսահատությունը, ազգային ու բարոյական արժեքների,վեհ գաղափարների արժեզրկումը ամեն օր, ամեն ժամ հյուծում են մեր ազգային հավաքական ուժը։

Սրանց սուտը սահմաններ չի ճանաչում՝կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան,պարզվեց՝ կեղծում են իրենց ընտրությունները:

Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։

Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու եւ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։

Այսօր, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից-Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես-Բեյրութ-Գյումրի-Տորոնտո-Նյու-Յորք-Աթենք-Փարիզ-Սյունիք-Թեհրան.ամենուր մենք միանական ենք ու մենք միասնական ենք Արցախի ևՀայաստանի ինքնիշխանության և պաշտպանության շուրջ։Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։

Մենք ունենք  պահելու հայրենիք, և այն միակն է։  Մենք վերականգնելու  ու հզորացնելու ենք այն։

Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։

Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակիցէդառնում եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։

Կա մեկ բաժանում,և յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա իրեն այդ հարցը պետք է տա։

Մենք խոսում ենք թշնամու  հետ սահմանազատման մասին,  բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։Իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուրը իրեն պետք է այդ հարցը տա. ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի։   Ուրիշ ոչ մի բաժանում Հայաստանում չպետք է լինի։

Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար ու հասցեական, ու պատասխանն էլ  պիտի լինի հստակ։

Այս բախտորոշ ընտրության առջև կանգնածեն բոլորը՝ կամ նիկոլի հետ ես, կամ հայրենիքի:

Հաջորդ կարևոր որոշումը, որ մենք պետք է այսօր ընդունենք հետևյալն է.

Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։  Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։

Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ,

Դուք համաձա՞յն եք, որ մեր պետության, մեր հայրենիքի ճակատագիրը, Ձեր երեխաների, Ձեր ընտանիքների ճակատագիրը որոշի այդ մեկ հոգին։

Ո՝չ, Ո՞վ ա էդ մեկ հոգին, որ իրեն իրավունք  է վերապահել պատերազմ բերել մեր տուն, հազարավոր զոհեր տալ, մի ողջ սերունդ կորցնել, զիջել մեր հայրենիքից մասեր, հարցականի տակ դնել Արցախի հայկականությունը, որոշել մեր ճակատագիրը:

Այսօր մենք արձանագրում ենք՝ մեկ մարդը չի կարող վճռել հազարամյա ժողովրդի ճակատագիրը, նա ժողովրդի կողմից նման  մանդատ չունի։

Մեզ հաճախ հարցնում են՝ ո՞րն է մեր պայքարի հիմնական նպատակը։ Պատասխանում եմ պարզ և հստակ.

  • Ունենալ խաղաղ և անվտանգ Հայաստան ու Արցախ
  • Ունենալ զարգացող և արդար Հայաստան ու Արցախ
  • Ունենալ արժանապատիվ ու համերաշխ հայկական աշխարհ

Այս հավաքի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հղում արտաքին աշխարհին՝ բարեկամներին, միջնորդներին ու բոլոր հարևաններին.

  • Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
  • Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը;
  • Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։

Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։

Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելուէ առոչինչ:

Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա,որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ:

Այսքանը այսօրվա հավաքի մասին։ Հիմա մեր առաջիկա անելիքները.

Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. օրվա իշխանությունը, ապագա կա կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիլուլիացիա։Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա։

Օրվա իշխանությունները մեր ժողովրդին  համոզում են, որ սպասվող զիջումները թեև ցավալի են, բայց կենսական չեն։Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել,մնացած մասը պահելու համար:Եվ ամենագլխավորը,մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք,որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ:

Աշխարում չկա մի ժողովուրդ,որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։Արդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց  դարձել թափառական:

Մեր ազգը հազարամյակներ գոյատևել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։Եթե այսօր մենք կանք,այստեղ ենք,հայրենիք ունենք,դա մեր ժողովրդի հերոսական զավակների շնորհիվ է,ովքեր իրենց կյանքիգնով պահել են հայրենիքը: Փառք մեր հերոս տղերքին:

Կապիտուլիացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն,այլևս զոհեր չենք ունենա,բայց ի՞նչ եղավ՝ հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հանուն կյանքեր փրկելու խաղաղության անվան տակմեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։

Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի  պաշտպանությունն և անվտանգությունը։Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:

Մենք բոլորս քաջ գիտակցում ենք՝ իսկապես ծանր վիճակում ենք, բայց երբհարցերը դրվում են հստակ, երբ նպատակները լինում են ազնիվ, հաջողությունն անխուսափելի է։ Ուրեմն՝ ոչ մի վհատվել, ոչ մի հուսահատություն։Կապիտուլյացիային դիմագրավելու մեր ներուժը սպառված չէ։

Մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին ՝ ինչպես կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան։Ինչպես դիմագրավել առկա մարտահրավերներին:

Կապիտուլյացիան  կարող ենք կանխել ՝ միայն ազգային համերաշխության դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

Ի՞նչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում,

2. պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում,

3. կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական, ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից՝ կարող, բանիմաց, նվիրյալ ազգային գործիչների ջանքերի մեկտեղմամբ։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն:

Մենք այս ընթացքում մի շարք քննարկումներ ենք ունեցել  դիվանագետների, զինվորականների,պրոֆեսիանալ մասնագետների հետ  և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այս երեք կենսական գործողություններն իրականացնելու ռեսուրս հայ ժողովուրդ ունի, և մենք դա անելու ենք։

Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխանությունը և ե՞րբ. սրանք հարցադրումներ են որ հնչում են ամեն օր:

Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։ Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։ Մենք  ձեռքներս ծալած նստած չենք:Այսօրվա հավաքը ապացույցն է:

Սիրելի հայրենակիցներ, դուք մեզ տվել եք Արցախը և ՀայաստանիՀանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և  վճռականության պակաս չունենք,բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա:Սենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու  և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով,  ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը:

Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեզ  պետք է մեր առաջ քաշած օրակարգին  հանրային լայն և անվերապահ աջակցություն, դա աջակցություն է Հայաստանին և Արցախին,յուրաքանչյուրիս ընտանիքին։Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։Մենք պայքարում ենք, որ Հայաստանըլինիև առհասարակ վարչապետ ունենա:

Հետևաբար մեր պայքարը նահանջ չի ճանաչում, մենք համակերպվող, հուսահատվող տեսակ չենք, գնալու ենք մինչեւ վերջ։

Գիտեմ, որքան մեծ է ստեղծված իրավիճակից վայրկյան առաջ դուրս գալու բոլորիս ցանկությունը։Գիտեմ՝ վերջնական հաղթանակի ուշանալը որքան է հուսահատեցնում, հիսաթափեցնում հատկապես ամեն օր պայքարող մարդուն:

Մենք ընդունել և ընդունում ենք բոլոր առողջ և սրտացավ քննադատությունները

Մենք մեր սխալներից և բացթողումներից դասեր քաղել ենք,մենք այլևս վրիպելու և չհաջողելու տեղ չունենք:

Սա իսկապես ծանր, բայց և կենսական պայքար է։
Բայց չէ որ մեր զինվորներն աննահանջ և հերոսական կռվիվ են տվել պատերազմի ամբողջ ընթացքում, չեն լքել խրամատը, ընկերոջը։

Որոշողը հրապարակում կանգնած հայ մարդն է լինելու, նա է որոշելու իր ճակատագիրը և ապագան:

Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու  արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզ չպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։

Դեռ Դարեհ առաջինն է ասել՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց պետք է պառակտել:

Այսօր՝ ազգային համերաշխության այս հանրահավաքով, ձեզանից յուրաքանչյուրը հաստատեց՝ մենք կրկին կդառնանք միասնական և կհաղթենք:Աստված պահապան մեր պետությանը և ազգին։ Ձեզանից յուրաքանչյուրին։Խաղաղությունն Արցախն է։ Խաղաղությունը Հայոց պետականությունն է։ Խաղաղությունը ծնվում է այս հրապարակում։ Հավատացեք, ուժեղ եղեք։ Մենք հաղթելու ենք»։