կարևոր
4621 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-28 15:44
Քաղաքական Աշխարհ

Ֆրանսիայի Խորհրդարանում որոշում է պատրաստվում, ըստ որի՝ կդատապարտվի Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան․ Սառա Թանզիլլի

Ֆրանսիայի Խորհրդարանում որոշում է պատրաստվում, ըստ որի՝ կդատապարտվի Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան․ Սառա Թանզիլլի

Yerkir.am-ը զրուցել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Սառա Թանզիլլիի հետ։

-Տիկին Թանզիլլի, Ֆրանսիայի Ազգային Ժողովը հանդես է եկել մի նախաձեռնությամբ՝ կապված Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմին։ Ի՞նչ նախաձեռնություն է դա։

- Ֆրանսիայի Ազգային Ժողովում որոշում ենք պատրաստում, ըստ որի՝ դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը ՀՀ տարածքի վրա։ Որոշման մեջ նշվում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից և կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը խիստ ձևով  դատապարտել այս հարձակումը և նշել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս հայտարարությունը Ազգայի Ժողովին է ներկայացվել երեկ՝ Ֆրանսիայի նախագահական մեծամասնության կողմից և պետք է քննարկվի նոյեմբերի վերջին։

- Ֆրանսիայի Ազգային Ժողովում ի՞նչպիսին է պատգամավորների տրամադրվածությունը՝ կապված Ադրբեջանի հարձակման հետ։ Մեծամասնությունը դատապարտո՞ւմ է Ադրբեջանի սանձազերծումը ՀՀ տարածքի նկատմամբ։

- Ֆրանսիայի Խորհրդարանում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ դիրքորոշումը շատ հստակ է, մանավանդ՝ վերջին հարձակման վերաբերյալ։ Շատ հստակ է, որ այդ կերպ խախտվում է միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այս իմաստով Խորհրդարանի մեծամասնությունը Հայատանի և հայ ժողովրդի կողքին է կանգնած։ Այսօր, երբ պատվիրակության 4 անդամների հետ Հայաստանում եմ,  սա ևս աջակցության արտահայտումն է Ֆրանսիայի Խորհրդարանի, որը տածում ենք Հայաստանի հանդեպ։ Ֆրանսիայի Խորհրդարանից Կառավարության առջև բազմաթիվ հարցումներ են դրվել և եկող հինգշաբթի նոր հարցադրում պետք է լինի Ֆրանսիայի կառավարությանը այս հարցի հետ կապված, թե ինչպես պետք է Ֆրանսիան ավելի լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանին։

- Որոշումն ընդունելուց հետո հայտարարությամբ եք հանդես գալու, թե՞ ինչ-որ գործողություններ են դրան հաջորդելու։

- Այս որոշման էությունը իրավական կողմ չունի, բայց դա կներկայացնի Խորհրդարանի կեցվածքը այս հարցի շուրջ։ Սա քաղաքական հայտարարություն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունը հայ ժողովրդին և Հայաստանին։

-Կան արդյո՞ք Ֆրանսիայի Ազգային Ժողովում ադրբեջանամետ գործիչները և արդյոք նրանք  չեն խոչընդոտում ձեր աշխատանքներին։

- Անշուշտ տեղյակ ենք այն բոլոր միջոցներից, որից օգտվում է Ադրբեջանը իր լոբբինգն անելու հարցում: Ադրբեջանը մեծ միջոցներ է ներդնում, որ իր շահերն առաջ տանի, բայց Ֆրանսիայում ընդհանրապես ավելի լայն մակարդակի վրա գրեթե միաձայն է Հայաստանի հանդեպ աջակցությունը, և դա բխում է նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև շարունակական բարեկամության շահերից: Դրա համար կարծում եմ, որ Ադրբեջանի համար բարդ է լինելու Ֆրանսիայում քաղաքական աշխատանք տանելը. հակառակ դրան, փորձում են մշակութային քողի տակ կամ տեղական ներդրումների միջոցով որոշ ազդեցություն ձեռք բերել։

-Ազգային Ժողողվի կողմից հայտարարության ընդունումը ի՞նչպես կարող է ազդել Կառավարության որոշումների վրա։

- Ֆրանսիայի Կառավարությունն էլ շատ հստակ է դիրքավորված Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում։ Երեկ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են այստեղ իրենց գործընկերների հետ, Ֆրանսիան մեծ դեր է ունեցել սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու հարցում։ Այս որոշումը հատուկ հարցադրումներ անում է Կառավարությանը՝ նյութական աջակցություն տրամադրելու մասով, բայց նաև սա քաղաքական կարևոր դիրքորոշման արտահայտություն է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից։

Լ.Ա.