Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հին Սուր, նոր դիմագիծ» արշավի խորագրի ներքո ժողովրդին ներկայացված եկեղեցին այս անգամ նորոգվել է (Թուրքիայի-Ակունքի խմբ․) Մշակույթի նախարարության բյուջեով։ Այսինքն՝ թե՛ քանդողը և թե՛ վերանորոգողը, ըստ էության, նույն սուբյեկտն էր։
Արիս Նալջը
Ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքի թերևս ամենամեծ հայկական տաճարը հանդիսացող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվեց անցյալ շաբաթ։
1915 թ․ հետո 97 տարի փակ մնացած, ապա 2012 թ․ վերաբացված եկեղեցին վնաս էր կրել 2015 թ․ հակամարտության գործընթացից։ Այժմ՝ 2022 թ․, այն վերաբացվեց։
Եվ նրա նման՝ Սուրում գտնվող բազմաթիվ կրոնական հաստատություններ ևս վնասվել էին 2015 թ․։
Հետագայում շինարարության սիրահար Թուրքիայի պետությունն ազդարարեց, որ վերանորոգելու է այս շրջանը, և Սուրը զբոսաշրջության զարգացման նկատառմամբ վերականգնվելով՝ ներկայիս դեմքն ստացավ։
Այժմ Սուրը «նոր»ոգվել է, սակայն նրա ոգին անհետացել է։
«Հին Սուր, նոր դիմագիծ» արշավի խորագրի ներքո ժողովրդին ներկայացված եկեղեցին այս անգամ նորոգվել է Մշակույթի նախարարության բյուջեով։ Այսինքն՝ թե՛ քանդողը և թե՛ վերանորոգողը, ըստ էության, նույն սուբյեկտն էր։
Բացմանը Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը նշեց․ «Դիարբեքիրը, որտեղ ազատ կերպով զանազան մշակույթներ և կրոններ են դավանում, նաև բազմաթիվ արժեքավոր կառույցներ ունի»։
Գեղեցիկ է ասված, այնպես չէ՞․․․
Մի հայկական եկեղեցու վերաբացումն անշուշտ շատ կարևոր է։ Դիարբեքիրի եկեղեցին տարիներ անց, 2012 թ․ էր առաջին անգամ վերականգնվել ու վերաբացվել։
Այդ տարեթվից հետո այս շրջանում մեծացավ իրենց հայկական ինքնությունը թաքցնելու կարիք այլևս չզգացող այն մարդկանց թիվը, ովքեր սկսեցին մտածել, թե այլևս կարող են ազատ ապրել։
Մի ակտիվ համայնք գոյացավ։
Իսկ դա եղավ եկեղեցու շնորհիվ։
Այդ վերականգնման գործընթացում անհնար է ժխտել հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքի ջանքերը։
Նա բոլոր առումներով կանգնեց եկեղեցու թիկունքին, այդ մեծ բեռն ստանձնեց։
2012 թ․ եկեղեցու բացումն իրականացրել էր Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։
Եկեղեցու հիմնադրանի կողմից 2010 թ․ ձեռնարկված արշավի շնորհիվ հավաքված գումարի և Դիարբեքիրի քաղաքապետարանի տրամադրած 1 միլիոն թուրքական լիրայի միջոցով կատարված վերականգնումը 2 ու կես տարի էր տևել։
Չմարսել առերեսումը
Երբ նկատի ենք առնում նաև միևնույն ժամանակաշրջանում քուրդ ժողովրդի շրջանում սկսած առերեսման շարժումը, ապա տեսնում ենք, որ 2012 թ․ եկեղեցու վերաբացումը կարևոր էր նաև միմյանց ներելու, վերստին համատեղ կյանք սկսելու առումներով։
Այդ գործընթացում Սելահեդդին Դեմիրթաշը խորհրդարանում հանդես եկավ Ցեղասպանությունը ճանաչող մի ելույթով։
Ահմեթ Թյուրքը նշեց, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի, և որ քուրդ ժողովուրդը գիտակցում է Ցեղասպանության մեջ իր կատարած դերը։ Եւ այլն, և այլն․․․
Թեև եկեղեցու հիմնադրամին պատկանող ունեցվածքը ներկայում օգտագործվում է քաղաքապետարանի և պետական հաստատությունների կողմից, այնուամենայնիվ, Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (Halkların Demokratik Partisi / HDP) ներկայացնող քաղաքապետերը գոնե փորձում էին այդ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Տեղյակ եք, թե որքան դժվար է այդ քաղաքապետարանների համար կենտրոնական իշխանություններից բյուջեի գումար հայթայթել։
2012 թ․ 1 միլիոն թուրքական լիրան պատկառելի գումար էր․․․
2012 թ․ 1 դոլարը մոտ 1,79 թուրքական լիրա էր, իսկ քաղաքապետարանի ներդրումը եկեղեցու վերականգման գործում մեկ միլիոն թուրքական լիրա է կազմել։
2022 թ․ 1 դոլարը 15․30 թուրքական լիրա է, իսկ եկեղեցու վերականգնման վրա ծախսվել է 32 միլիոն։
2012 թ․ Դիարբեքիրի քաղաքապետը Օսման Բայդեմիրն էր։
Բայդեմիրը տեղյակ էր, որ քաղաքապետարանին պատկանող որոշ շինություններ «զավթվել» են եկեղեցու հիմնադրամից։ Եւ այդ կառույցների համար հիմնադրամին որոշակի վարձավճար տալու համար մի տեսակ «փոխհատուցման» աշխատանք էլ էր տանում։
2012 թ․ եկեղեցու բացումն էլ էր ոգևորիչ անցել։
Եկեղեցու զանգը հատուկ Մոսկվայում էին պատրաստել տվել և այնտեղից բերել։
Բացումից հետո եկեղեցու բակում աշխարհի 4 անկյուններից ժամանած հայերը համերգներ էին տվել, այդ իմաստալի օրը նշել։
Դիարբեքիրցի հայերից մեծ սփյուռք է ձևավորվել։ Թերևս աշխարհում հոգով-սրտով հայրենի երկրում մնացած թուրքիացի հայերի շրջանում ամենամեծ թիվը հենց դիարբեքիրցի հայերն են կազմում։ Իրենց գնացած երկրներում երկրորդ-երրորդ սերունդներն անգամ Տիգրանակերտի բարբառով են խոսում, սովորեցնում են այն․․․
«Կարծում էի, թե հայերը միայն դիարբեքիրցի են լինում»
Հայտնի երգահան և ուդի վարպետ Արա Դինքչյանը նույնպես դիարբեքիրցի է։
Նրա հայրը՝ հայտնի երաժիշտ Օննիկ Դինքչյանը, մի հարցազրույցում այս խոսքերով էր բացատրում դիարբեքիրցի հայերի հոգեվիճակը․
«75-ամյակիս Արան ինձ դեպի Անատոլիա ուղևորություն նվիրեց։ Արմեն Արոյան անվամբ մեր հյուրամեծար ընկերը ման տվեց ինձ և 9 ընկերներիս։ Այցելեցինք ուղևորության բոլոր մասնակիցների հայրենի տարածքները։ Ուրֆան, Վանը, Դիարբեքիրը, Էլազըղը (Խարբերդ-Ակունքի խմբ․) շատ գեղեցիկ էին։ Առաջին անգամ այն ժամանակ եմ Դիարբեքիր այցելել, շատ չենք զբոսնել, բայց ինձ համար այդքանն էլ էր բավարար։ Մեկօրյա դիարբեքիրյան այցիցս հետո 6 ամիս արտասվել եմ։ Մանկությունս անցել է Դիարբեքիրի մասին պատմությունները լսելով։ Հայրս (կնքահորը նկատի ունի) ինձ միշտ պատմում էր Դիարբեքիրի մասին։ Ամեն անգամ, երբ հյուրեր էին գալիս մեր տուն, խոսում էին Դիարբեքիրի մասին։ Պատկերացրեք, որ իմ մանկության ամբողջ ընթացքում այդ ամենը լսելով եմ մեծացել, դրա համար էլ կածում էի, թե բոլոր հայերը դիարբեքիրցի են։ Մտածում էի՝ եթե դիարբեքիրցի չէ, ուրեմն հայ էլ չի։ Այդ աստիճան ամբողջացել էր մեր կյանքը Դիարբեքիրի հետ»։
«Ամեն մի քարը ճանաչում եմ, բայց՝ միայն իմ երևակայության մեջ»
«Այդպիսով, Դիարբեքիր առաջին այցիս ժամանակ գնացած եղա իմ երևակայության մեջ ծվարած քաղաքը։ Առաջին խոսքս հետևյալը եղավ․ «Ինձ համամ (թուրքական բաղնիք-Ակունքի խմբ․) տարեք»։ Մեջքով կանգնեցի դեպի բաղնիքը։ Ճիշտ հորս պատմածի նման՝ 100 քայլ դեպի ձախ մի պոմպ կար։ Հայրս այդտեղից սառը ջուր է խմել։ Նա ինձ պատմում էր, թե պոմպը դժվարությամբ էր բացվում։ Իհարկե իմ մանկական երևակայության մեջ շատ մեծ պոմպ էի պատկերացնում, բայց այդպիսին չէր։ Թևը կոտրված էր, այլևս չէր աշխատում․․․ Ապա, առջևում այն փոքրիկ ավազանը գտա, որի մասին նա ինձ միշտ պատմում էր․․․ Դիարբեքիրի ամեն մի քարը ճանաչում եմ, բայց՝ իմ երևակայության մեջ․․․»։
Հիմա այդ քայլերը փոխվել են։
Այդ մարդկանց գնացած ուղիները՝ նույնպես։
Այլևս չկան այն տները, որոնցում ապրում էին նրանց հոգիները․․․
Իսկ ինչու՞։ Ի՞նչ պատահեց, որ 97 տարի շարունակ փակ եղած եկեղեցին ստիպված եղան վերջին 10 տարում 2 անգամ վերանորոգել և նույնքան անգամ էլ վերաբացել։
2012 թ․ վերականգնմա՞նը չդիմացան, թե՞ այդ ժամանակաշրջանի հոգեվիճակին։
2015 թ․ Սուրի պատերին թուրք-քրդական բախումների ժամանակ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում «հայ փիճեր (ապօրինի զավակ-Ակունքի խմբ․)» գրությունները հիմա ջնջվա՞ծ եղան։
Թե՞ ուղերձը սա է՝ «Քանդողն էլ ենք մենք, կառուցողն էլ»։
Ինչ որ պատահեց, այնտեղի քարերին ու հոգիներին եղավ։
https://artigercek.com/yazarlar/aris-nalci/yikariz-da-yapariz-da
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net