կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 11:42
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ։ Գործողության շրջանակներում հրթիռակոծվել են Իրաքի հյուսիսում գտնվող օբյեկտները, որտեղ տեղակայված են ՔԱԿ-ի բազաները։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ գործողության մեջ ներգրավված են հատուկ նշանակության ուժեր եւ ռազմաօդային ուժեր։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ինքնաթիռները հարձակվել են հակառակորդի թաքստոցների, բունկերների, քարանձավների, թունելների և զինամթերքի պահեստների վրա։

«Առայժմ մեր գործողությունը հաջողությամբ շարունակվում է, ինչպես նախատեսված էր։ Առաջին փուլում դրված նպատակներն իրականացվել են»,- գործակալությունը մեջբերում է թուրք նախարարին։

Նա պնդում է, որ շարունակվող գործողության միակ նպատակը «ահաբեկիչներն» են, մինչդեռ Թուրքիայի զինված ուժերին հանձնարարված է «երաշխավորել, որ խաղաղ բնակիչները, շրջակա միջավայրը, մշակութային ու կրոնական շինությունները չվնասվեն»։

Աքարի խոսքով՝ Թուրքիան վճռական է տրամադրված նոր ռազմական գործողության հարցում։ «Մենք վճռական ենք փրկել մեր ազնվական ազգին ահաբեկչական աղետից, որը հետապնդում է մեր երկիրը արդեն 40 տարի: Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չեզոքացվի վերջին ահաբեկիչը»,- ասել է նա:

Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների և քրդական ինքնավարության ստեղծման համար։ 2002 թվականին այն ներառվել է ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։