|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ, տեղեկանում ենք Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության տարհանումից հետո սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը հրահանգել է գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Անդրադարձ է կատարվել նաև այս օրերին տարբեր պետական մարմինների աշխատանքներին՝ իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է:
Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները:
Քննարկվել են քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները:
Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև ավելի երկարաժամկետ ու համակարգային աշխատանքների իրականացման ուղղությամբ: