կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 19:01
Տնտեսական

Հանգստյան օրերի հաշվին տնտեսական աճ ապահովելու գաղափարն ուղղակի անտրամաբանական է. տնտեսագետ

Հանգստյան օրերի հաշվին տնտեսական աճ ապահովելու գաղափարն ուղղակի անտրամաբանական է. տնտեսագետ

«Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելն ու տնտեսական աճն իրար հետ կապ չունեն: Մի տեղ պլյուս է տալիս, մի տեղ՝ մինուս: Ասենք, մարդիկ, եթե պետք է գնային Ծաղկաձոր՝ 7-8 օր հանգստանալու, չգնացին, որովհետև հունվարի 3-ը և 4-ը աշխատանքային օրեր էին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ մի շարք մասնավոր ընկերություններ, հատկապես՝ խոշոր գործատուներ, աշխատանքը սկսել են հունվարի 7-ից հետո: 

«Հայաստանում բանկերը չնայած սկսել են աշխատել հունվարի 3-ից, սակայն գործարքներ գրեթե չեն կատարվել, փոխանցումներ չեն արել, որը վկայում է տնտեսական ցածր ակտիվության մասին: Եվ, առհասարակ, հանգստյան օրերի հաշվին տնտեսական աճ ապահովելու գաղափարն ուղղակի անտրամաբանական է, քանի որ, լավ, այս տարի ապահովեցիր, մյուս տարի ի՞նչ ես անելու, շաբաթ-կիրակիներն ես հանելո՞ւ: Կամ` փետրվարը երկու օրով կարող են ավելացնել, էլի տնտեսական աճ կապահովվե՞ն»,- նշեց տնտեսագետը: 

Ինչ վերաբերում է գնաճին, ապա Սուրեն Պարսյանի խոսքով՝ գնաճն ու տնտեսական աճը ոչ թե իրար հակասող երևույթներ են, այլ կարող են նաև իրար լրացնել:

«Խնդիրն այն է, մեզ մոտ, եթե նայում ենք տնտեսական ակտիվությունը, դա հանքարդյունաբերությունն է, շինարարությունը: Այս ոլորտները մարդկանց բարեկեցության վրա չեն ազդում: Մենք այդ ոլորտների հաշվին ենք տնտեսական աճ արձանագրել 2021 թվականի ընթացքում:

Ասեմ ավելին՝ դեռևս 2019 թվականի ՀՆԱ ցուցանիշները չունենք: Մեր հարևան երկրները, ի տարբերություն մեզ, դա հաղթահարել են: Օրինակ, Վրաստանը 2020թ. ուներ 6 տոկոսանոց անկում, 2021թվականին նրանց տնտեսական աճը 8 տոկոս է»,- ընդգծեց տնտեսագետը:

Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ տնտեսական արդյունքի այն կանխատեսումները, որոնք արվել են Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու օրենքի հիմնավորումներով, նույնիսկ կգերազանցվեն: Նման տեսակետ նա հայտնել է հունվարի 12-ին՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե երբ այս տարի աշխատանքային օրերը սկսվեցին հունվարի 3-ից, տնտեսական ի՞նչ արդյունքի է սպասում, Քերոբյանը կեսկատակ պատասխանել է, որ հունվարի 3-ին ժամը 16:00-ին հանդիպում է ունեցել, և այն մարդը, որը պետք է գար, ուշացել է 10 րոպե և ասել, որ ուշացել է խցանման պատճառով: «Դա երբեք Հայաստանում հունվարի 3-ին չի եղել: Եվ ես կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավականին լավ, առույգ կսկսենք տարին»,- ասել է նախարարը՝ վստահեցնելով, որ շատ հաճախ է շփվում թե մանրածախ առևտրով զբաղվող, թե այլ, այդ թվում՝ արդյունաբերական ընկերությունների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա:

«Պետք է սպասենք թվերին: Բայց ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք այդ օրենքի փոփոխության հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,- նշել է Քերոբյանը: