կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 17:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան իր բնույթով հայ ժողովրդի թշնամի է՝ չի կարող բարիք բերել մեր ժողովրդին․ Լիբանանի Հայ դատի մարմնի ատենապետ

Հայ դատի օրակարգերը շատ են, թեև վերջին զարգացումների բերումով առաջնային տեղ է գրավում Արցախի հարցը, նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների անվտանգության հարցը, և այդ պատճառով էլ այս պահին Գորիսում ենք գտնվում՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմնի ատենապետ Վահրամ Էմիյանը, ով մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։ 

«Պատահական չէ այս ընտրությունը և այցը Ստեփանակերտ, որպեսզի տեղի ժողովուրդը իրեն մենակ չզգա և տեսնի, որ աշխարհով տարածված կազմակերպություն կա, որն աշխատում է ինչ-որ բան դրական փոխելու, աշխատում է հանուն իրենց անվտանգության, բարօրության»,-ասաց նա։

Վահրամ Էմիյանը նշեց, որ խորհրդաժողովի օրակարգային հարցերը բազմապիսի են՝ քննարկումների ժամանակ տեղեկություններ են փոխանցվում, որոնք մեծապես օգնում են՝ գտնելու այն մարտավարությունները, լավագույն ձևերը, որ ավելի արդյունավետ դառնա պայքարը, և օգտակար լինի տեղի ժողովրդի համար։

Հայ-թուրքական բարեկամության որևէ հնարավորություն Լիբանանի Հայ դատի մարմնի ատենապետը չի տեսնում։

«Թուրքիան իր բնույթով հայ ժողովրդի թշնամի է, իր էությամբ, պետություն է, որ ստեղծվել է Ցեղասպանության ժխտման վրա, այսպիսի պետությունը, բնականաբար, չի կարող որևէ բարիք բերել մեր ժողովրդին»,-վստահ է Վահրամ Էմիյանը։

Լիբանանն էլ, անշուշտ, թուրքական իշխանության այդ չակերտյալ «բարիքները» վայելել է, ասաց նա, սով է եղել երկրում, մասնավորաբար, քրիստոնեական շրջաններում, բազմաթիվ զոհեր են ունեցել այդ սովի պատճառով, այնպես որ նրանք լավ գիտեն ինչ է նշանակում Թուրքիա։

Թուրքական պետությունը պատեհապաշտ է, փաստեց Վահրամ Էմիյանը, և ջանում է այս իրավիճակներում կարելի եղածին չափ իր շահն ապահովել և միջամտել ներքին հարցերին։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․