կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 18:25
Հասարակություն

Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան

Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան

2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ  «Դոմինո փրոդաքշն» ընկերության եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրի եւ կատարողական ակտի  կրկնօրինակները։

Ո՞րն է հենց «Դոմինո փրոդաքշն» ընկերությունն ընտրելու հիմնավորումը, երբ դաշտում բազմաթիվ այլ փորձառու, տեխնիկապես հագեցած ընկերություններ կան։

Պաշտոնապես հաստատել, որ տոնակատարության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ հատկացում չի արվել։

Տոնակատարության համար «Դոմինո փրոդաքշնը» ո՞ր կազմակերպություններից եւ անհատներից է հայթայթել մեկ միլիարդ դրամը գերազանցող գումարը՝ նշելով ստացված միջոցների կամ նվիրատուների տվյալները, ֆինանսական կամ գույքային մասնակցության չափը, եղանակը (կանխիկ, վճարումներ կամ բանկային փոխանցումներ)։

«Դոմինո փրոդաքշն»-ի ծախսման ուղղությունները, նշելով ֆինանսավորում ստացած կազմակերպությունների եւ անհատների տվյալները, նրանց ստացած ֆինանսավորման չափն ու եղանակները, նրանց ընտրության սկզբունքները եւ կարգը (կցելով համապատասխան պայմանագրերի պատճենները։

2021թ. սեպտեմբերի 21-ին պետական միջոցառմամբ նշվել է ՀՀ անկախության 30-ամյակը։ Կարծում եմ, վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալ, թե ո՞ւմ միջոցներով է կատարվել իրենց անկախ պետականության հոբելյանը»։

17 նոյեմբեր 2021թ. ստացել եմ հետեւյալ պատասխանը.

«Հարգելի՛ պարոն Վարդանյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք հետևյալը. Անկախության 30-ամյակին նվիրված ծրագիրը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը: ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է Անկախության տոնի վերաբերյալ ծրագրային առաջարկ, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված արարողությունների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը: Հայտնում ենք, որ պետական և /կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել: Ձեր կողմից մատնանշված՝ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հայթայթած գումարների, ինչպես նաև ծախսման  ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը չի հանդիսանում հարցի հասցեատեր: Միաժամանակ անհասկանալի է «Դոմինո փրոդաքշն» ընկերության նկատմամբ ձևավորված հետաքրքրվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջոցառումների կազմակերպման ժամանակ նմանատիպ համագործակցություն եղել է նաև ոլորտի այլ փորձառու ընկերությունների հետ»:

Ահա այսպիսի անհոդաբաշխ պատասխան։ 1-ին հարցի՝ կառավարության եւ ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը եւ կատարողական ակտի օրինակները չեն ուղարկվել։ 2-րդ հարցի՝ ինչո՞ւ հենց «Դոմինո փրոդաքշն»-ը անհիմն հիմնավորում է տրված։ Ինչո՞ւ մրցույթ չեք արել, դիմե՞լ եք այլ փորձառու ընկերությունների, պատասխան չկա։ 3-րդ հարցը. պաշտոնապես հաստատում են, որ պետական բյուջեից հատկացում չի արվել։ Սա լավ է, արձանագրենք փաստը, թող մնա։ 4-րդ, 5-րդ հարցերն անպատասխան են։

Ասեմ նաեւ, որ ԶԼՄ-ների՝ այս բնույթի հարցերին տվյալ ՍՊԸ-ն ուղղակի չի պատասխանում։  Հիմա՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկատմամբ ձեւավորված՝ նաեւ իմ «անհասկանալի հետաքրքրվածության» մասին։

Այս ընկերությունն է նկարել «Իմ քայլի» ԱԺ վերջին ընտրությունների հոլովակները։ Մամուլում արձանագրվել է Արայիկ Հարությունյանի եւ «Դոմինո»-ի առնչությունը։ Ընդհանրապես այս ընկերության պատմությունը, կապերը (նաեւ օտարերկրյա) շատ հետաքրքիր են։ «Դոմինո»-ի նկարած ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, կինը, Արարատ Միրզոյանը։ Ընկերության ղեկավարին ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեսնո՞ւմ եք՝ շատ հետաքրքիր է։ Տարբեր փորձառու ընկերություններ «գունագեղ» միջոցառման ծախսը գնահատում են առավելագույնը 400-450 միլիոն դրամ։ 2.5 անգամ պակաս 1-1.2 միլիարդից։ Արդյո՞ք փողերի լվացում, արդյո՞ք կոռուպցիա։ Այս հարցերի պատասխանները մի օր ջրի երես են գալու։ Չկասկածեք։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «Դոմինո փրոդաքշն»-ը 2019, 2020 թվականներին եւ 2021թ. տասը ամիսներին զրո դրամ ԱԱՀ եւ շահութահարկ է վճարել պետական բյուջե։ Եկամտահարկի թվերն այսպիսին են. 2019թ.՝ 5 միլիոն 806 հազար դրամ, 2020թ.՝ 5 միլիոն 154 հազար դրամ, 2021թ. տասը ամիսներ՝ 3 միլիոն 766 հազար դրամ։

Կարծում եմ՝ սա եւս չափազանց հետաքրքիր է։

Եւ ընդհանրապես ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչն առերեւույթ առնչվում է Արայիկ Հարությունյանին։ Օրինակ, այս Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է եղել «Դոմինո փրոդաքշն»-ի գրասենյակում։

Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը, ժողովրդավար թափանցիկներ ջան։



Աղվան Վարդանյան



ՀԳ Լուսանկարում՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկարահանած «Կիլիկիա» ֆիլմի պրեմիերան է «Երեւան Մոլ»-ում»։