Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Եվրամիությունը դիտարկում է մինչեւ 2025 թվականը մոտ 5000 հոգանոց միասնական զինված ուժեր ստեղծելու հարցը, որը կմիջամտի մի շարք ճգնաժամերի՝ առանց ԱՄՆ-ի վրա հենվելու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ծրագրի 28 էջանոց գաղտնի նախագիծը:
«ԵՄ արագ տեղակայման ներուժը» պետք է բաղկացած լինի ցամաքային, ծովային եւ օդային բաղադրիչներից, որոնք կարող են փոխարինվել ցանկացած մշտական ուժով՝ կախված ճգնաժամից»,- ասվում է փաստաթղթում։
Եվրամիության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները պլանի քննարկումները սկսել են երկուշաբթի երեկոյան՝ Բրյուսելում, եւ շարունակել երեքշաբթի օրը՝ նպատակ ունենալով վերջնական փաստաթուղթը մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը համաձայնեցնել:
Իտալիան եւ Ֆրանսիան՝ ԵՄ երկու ռազմական տերությունները, ողջունել են նախագիծը։ Գերմանիայի նոր դաշնային կոալիցիոն կառավարության կարծիքը, որը սպասվում է առաջիկայում, քննադատական կլինի։
«Փաստաթուղթը համադրում է հավակնությունների բարձր մակարդակ, բայց նաեւ պարունակում է կոնկրետ եւ օպերատիվ առաջարկներ։ Դա լավ հավասարակշռություն է»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին: Նրա իտալացի գործընկեր Լորենցո Գուերինին նշել է, որ դա նաեւ կլրացնի ՆԱՏՕ-ին եւ կամրապնդի անդրատլանտյան կապերը:
Երկու տասնամյակ անց այն բանից, երբ ԵՄ առաջնորդներն առաջին անգամ համաձայնեցին 50-60 հազարանոց ուժեր ստեղծել, բայց չկարողացան դրանք տեղակայել, ռազմավարության նախագիծը, որը պատրաստվել է դաշինքի արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի կողմից, առավել կոնկրետ ջանք է՝ ստեղծելու ինքնավար բանակ, որը չի հենվում ԱՄՆ-ի վրա:
«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ արագություն, կայունություն եւ ճկունություն՝ ռազմական ճգնաժամերի կառավարման ամբողջ շարքը լուծելու համար»,- ասվում է նախագծում, որը կոչվում է «Ռազմավարական կողմնացույց»: «Մենք պետք է կարողանանք արձագանքել անմիջական սպառնալիքներին կամ արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակին, օրինակ՝ փրկարարական եւ տարհանման առաքելություններին կամ կայունացման գործողություններին թշնամական միջավայրում»,- ասվում է նախագծում: