կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 13:04
Տարածաշրջան

Ուկրաինայի ԱԳՆ-ն Սահակաշվիլիի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կանչել է Վրաստանի դեսպանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Սահակաշվիլիի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կանչել է Վրաստանի դեսպանին

Ուկրաինան Վրաստանից պահանջում է արժանապատվորեն վերաբերվել Ուկրաինայի քաղաքացի Միխել Սահակաշվիլիին և անթույլատրելի է համարում նրա նկատմամբ բռնություն կիրառելը։ Այս մասին հինգշաբթի Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։ Այս մասին «Եվրոպեյսկայա պրավդա»-ին հայտնել են այդ երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

«Փոխնախարարը վրացական կողմի ուշադրությանն է ներկայացրել մեր պետության դիրքորոշումը Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի անհրաժեշտության և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ»,- նշել են նախարարությունից։

Տոչիցկին ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել Սահակաշվիլիի իրավունքների պաշտպանությանը, որը Վրաստանը պարտավոր է երաշխավորել՝ միջազգային իրավունքի համաձայն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանի քրեակատարողական ծառայությունը ցուցադրել էր տեսանյութ, թե ինչպես են Սահակաշվիլիին քարշ տալիս բանտային հիվանդանոց և տանում միջանցքներով։ Պալատում Սահակաշվիլին անկողնու կողքի սեղանից գցում է բժշկական սարքը, ինչպես նաև վիճում երկու տղամարդու հետ։ Սակայն նրանց միջև ֆիզիկական բախումներ չեն լինում։

Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է կանչում Վրաստանի դեսպանին։ Նոյեմբերի 9-ին Զաքարաշվիլին ժամանել է նախարարություն այն բանից հետո, երբ քաղաքական գործչին տեղափոխել են բանտային հիվանդանոց, որը ներկայացված է հինգշաբթի հրապարակված տեսանյութում:

Նոյեմբերի 8-ին Ուկրաինան պաշտոնապես իր վրդովմունքն է հայտնել վրացական իշխանությունների նկատմամբ՝ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու և այդ մասին ուկրաինական կողմին չտեղեկացնելու կապակցությամբ։

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Սահակաշվիլիի փաստաբանների միջնորդությունը նրա նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև կոչ է արել քաղաքական գործչին՝ դադարեցնել հացադուլը։

Սահակաշվիլին խոստացել է դադարեցնել հացադուլը, հենց որ իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։

Դրանից հետո վրաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ զրույցում Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել հարգել Սահակաշվիլիի իրավունքներն ու նրան լավ վերաբերվել: