Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նաիրի խոշորացված համայնքում, որը միավորում է 8 բնակավայր՝ Պռոշյան, Զովունի, Քասախ, Զորավար, Արա գյուղ, Բուժական, Սարալանջ և Եղվարդ, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորում է Գևորգ Մուրադյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա որդին է Պռոշյանի նախկին համայնքապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի, որին քաղաքական դրդապատճառներով դավադրաբար սպանեցին 2013թ-ին։ Համայնքում Հրաչ Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու 4 զավակներին, ընդունում են նախկին համայնքապետի շենացրած գյուղի ամեն անկյունը տեսնելով։
Գևորգ Մուրադյանը մի պատմություն է հիշում․ «Ծնողներիս հարսանիքի ժամանակ, երբ վերջում նվերները հավաքվել են՝ այն ժամանակ ոսկեղեն էին հիմնականում նվիրում, հայրս ոսկիները տվել է մորս, ասել՝ ընտրիր։ Մայրս մի մատանի ընտրել է, մնացածը հայրս ուղղել է Պռոշյանի Զորաց պանթեոնի շինարարության մեկնարկին։ Հետո արդեն, երբ հայրս համայնքապետ էր, աշխատանքները շարունակվեցին և ավարտվեցին»։
Նրանց տանը հիմնականում հավաքվում էին ազատամարտի բովով անցած՝ հոր գաղափարական ընկերները։ Ինչ էին քննարկում՝ կինն ու զավակները անհաղորդ էին, խիստ էր շատ։ Բայց այդ քննարկումներից հետո ամեն անգամ գյուղում մի բան ավելանում էր։
«Բավականին մեծ աշխատանքներ կատարվեցին գյուղում․ համայնքի գրեթե 90 տոկոսը ասֆալտապատված չէր, գազաֆիկացում չկար, գիշերային լուսավորություն չկար, այդ բոլոր հարցերը լուծվեցին այդ մի քանի տարում։ Վերանորոգվեց գյուղի մանկապարտեզը, բուժամբուլատորիան»,-պատմեց Գևորգ Մուրադյանը։
Այդ ամենը նրան պատավորեցնում է ավելի սրտացավ մոտենալ համայնքի խնդիրներին ու դրանց լուծումը համարել իր պատվի հարցը։
«Անշուշտ, եթե չպահենք, ավելի չզարգացնենք, չշենացնենք մեր համայնքը, ամեն ինչ հետ կգնա։ Սա անիվի նման է, որ պետք է միայն առաջ գլորես, եթե թողնես՝ հետ կգնա կամ կողքի կընկնի»,-ասաց ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն։
Նրանք արմատներով Սասունից են․ 1915 թ-ի ջարդերին ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, հետո, երբ Սովետական Միությունը թույլատրել է Սիրիայից հայերի մուտքը Հայաստան, 1963-64 թթ տեղափոխվել և հաստատվել են Պռոշյանում։ Արցախյան առաջին պատերազմից հետո հայրը՝ Հրաչ Մուրադյանը, մնացել է Արցախում որպես սպա, հետո զորացրվելուց հետո նորից տեղափոխվել Պռոշյան, մի որոշ ժամանակ անց ընտրվել համայնքապետ։
«Ընտրվելուց երևի 1-2 ամիս հետո եմ ես անձամբ իմացել, որ ընտրվել է համայնքապետ»,-ժպտում է որդին։
Գևորգ Մուրադյանը հիշում է, որ երբ իրենց տանը հավաքվում էին հոր ընկերները, ամենաընդունված կենացներց մեկը, որ գրեթե միշտ խմում էին՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Երգում էին բացառապես հայրենասիրական երգեր։ Ինքը «Գարահիսարն» էր ամենաշատը սիրում, որ Մկրտիչ Մկրտչյանն էր երգում։
«Հայրենիքի արժեքը, իմ աչքին, պռոշյանցու համար ամենավեհ արժեքներից մեկն է, Պռոշյանի բնակչության մեծ մասը տեղահանվել է Սասունից, Մուշից ու պռոշյանցին գիտի հայրենիք կորցնելու դառնությունը։ Այդ վկայում են թե՛ Արցախյան առաջին պատերազմում Պռոշյանի մասնակցությունը, թե՛ երկրորդ՝ 44-օրյա պատերազմում Պռոշյանի տղաների մասնակցությունը և հերոսական պայքարը, և նրանց ընտանիքները լինելու են մեր մշտական ուշադրության առանցքում»,-ասաց Գևորգ Մուրադյանը։
Դաշնակցության ընտանիքը նրա թիկունքին է լինելու ողջ գործունեության ընթացքում։
«ՀՅԴ-ն մի մեծ ընտանիք է, որը քեզ սովորեցնում է, ճաապարհը ցույց տալիս՝ ոնց պայքարես քո ազգի համար, ոնց աշխատես քո պետության, քո երկրի համար։ Մեր համայնքի բնակիչները անշուշտ տեսել են Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ուժը Պռոշյանի շենացման գործում, շատ դաշնակցական ընտանիքներ կան, որ գտնվում են Սփյուռքում և Հայաստանում, և ցանկանում են ներդրումներ անել, մենք պատրաստվում ենք այդ ներդրումների մի մասը բերել համայնք և փորձել համայնքում աշխատանքներ կատարել»,-ասաց Գևորգ Մուրադյանը։
Նա սովորել է Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել ԵՊՀ՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, հետո մեկնել է բանակ, երկու տարի ծառայությունը վերջացնելուց հետո նորից վերադարձել է Պռոշյան, վերականգնել ուսումը և հիմա սովորում է ԵՊՀ-ում։
Նաիրի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում պայքարը թեժ է լինելու՝ 6 քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Վերկազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն»։ Իշխող ուժը բոլոր համայնքներում է փորձում վարչական ռեսուրս կիրառել, բայց Գևորգ Մուրադյանը վստահ է, որ Նաիրի խոշորացված համայնքի բնակիչները վախեցող տեսակ չեն։
«Իշխանություններն ինչքան էլ փորձեն պետական լծակներով, ճնշումներով ինչ-որ բան փոխել, ընտրության ելք փոխել, կարծում եմ, Նաիրի համայնքում չի ստացվի, քանի որ Նաիրի համայնքի բնակիչները վախեցող տեսակ չեն, ճնշվող տեսակ չեն, պայքարող, իրենց արժանապատվությունն ու պատիվը բարձր պահող ժողովուրդ են»,-ասաց ՀՅԴ համայնքապետի թեկնածուն։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․