կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 13:35
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԳԱԱ պատմության ինստիտուտում վերստին արժևորեցին ակադ. Վլ. Բարխուդարյանի գիտական վաստակը

 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԳԱԱ պատմության ինստիտուտում վերստին արժևորեցին ակադ. Վլ. Բարխուդարյանի գիտական վաստակը

Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես նաև պատմության ինստիտուտում մենք միշտ պահպանում ենք բարխուդարյանական շունչը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝  ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսին իր ելույթում նշեց ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: 

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնում տեղի ունեցած շնորհանդեսին ներկաները կրկին վերապրեցին այն տարիները, անգամ՝ տասնամյակները, որոնց ընթացքում սովորել, աշխատել ու շփվել են մեծանուն գիտնականի հետ: 

Ինստիտուտի՝ Վլ. Բարխուդարյանի անունը կրող սրահում, ակադեմիկոսի հարազատ բաժնի հարկի տակ մեծանուն գիտնականի վաստակը վերստին արժևորեցին նույն բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյանը, ով ներկայացրեց նաև նորահրատ ժողովածուն, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆ. Կարեն Խաչատրյանը, բաժնի այլ աշխատակիցներ, որոնցից ոմանց գիտական ղեկավարն է եղել ակադեմիկոս Բարխուդարյանը: 

Միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ նաև Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Աննա Շիրինյանը: 

Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը, որտեղ խնամքով պահպանվում են ոչ միայն Բարխուդարյանի գրքերը, այլև, որպես սրբազան մասունքներ, նրա անձնական որոշ իրեր, ամեն առիթով յուրօրինակ կերպով է ձգում նաև ակադեմիկոսի տիկնոջը՝ տիկին Նեկտարին, որդուն՝ Լևոնին և հարազատներին:    

Այդ օրը ևս բացառություն չէր, և շնորհանդեսը համեմվեց ինչպես Լևոն Բարխուդարյանի, այնպես էլ տիկին Նեկտարի խոսքերով, այրող հիշողությունների դրվագների ներկայացմամբ, հետաքրքրիր ու Վլ. Բարխուդարյանին հատուկ հումորային պատմություններով: 

Ժողովածուում, որտեղ ընդգրկվել են 2017 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցած գիտաժողովի նյութերը, տեղ է գտել նաև Վլ. Բարխուդարյանի հայրենի գյուղի՝ Աղքյորփիի (այժմ՝ Վրաստանի Մառնեուլի շրջանի՝ ՀՀ – Վրաստան սահմանագծին հարող գյուղ) պատմությունը: 

Արժևորելով Վլ. Բարխուդարյանի սերը ծննդավայրի՝ հայրենի Աղքյորփիի հանդեպ, ակադեմիկոս Ա. Մելքոնյանն իր խոսքում ներկայացրեց հիշարժան պատմություններ, որոնք լավագույնս ուրվագծեցին նաև Վլադիմիր Բարխուդարյան մարդուն, գիտնականի պարզ ու շիտակ բնավորությունը, ինչպես նաև համագյուղացիների պատկառանքը մեծանուն գիտնականի նկատմամբ: 

Վահե Սարգսյան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող