կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 17:26
Քաղաքական

Արցախն ու ՀՀ սահմանային գյուղերը հանձնելը Նիկոլ Փաշինյանի գաղափարական մոտեցումն է․ Վիգեն Հակոբյան

Արցախն ու ՀՀ սահմանային գյուղերը հանձնելը Նիկոլ Փաշինյանի գաղափարական մոտեցումն է․ Վիգեն Հակոբյան

Ոչ միայն Տավուշի, այլ նաև Արարատի մարզի անկլավների մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մի քանի ամիս առաջ, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի և ինքը կստորագրի, եթե Ադրբեջանը համաձայնվի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հիշեցրեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Այսինքն, այստեղ նույնիսկ մտածելու բան էլ չկա՝ ինքը գնալու է դրան․ ինքն ասում է՝ եթե Ադրբեջանը համաձայնվում է, ես գնում եմ դրան։ Հիմա բանակցային պրոցես է՝ ինքը ոնց է դա պատկերացնում՝ փոխանակմա՞ն տարբերակ է պատկերացնում, թե՞ ինչ է պատկերացնում, ես չգիտեմ, բայց իր գործողությունների հիմքում կոնցեպտի տեսակետից դրված է, որ այն, ինչ Սովետական քարտեզում իրենցն է՝ իրենցն է, այն, ինչ որ մերն է՝ մերն է։ Լավագույն դեպքում՝ փոխանակելու ենք։ Փոխանակման սխեման էլ սենց է՝ դուք չեք  տալիս Արծվաշենը, մենք՝ Վերին Ոսկեպարը, բայց հասկանալի է, չէ՞, որ այդ «անկլավներ» հասկացությունը ռազմաքաղաքական նշանակություն ունի, քանի որ եթե դու այդ անկլավները հին քարտեզների հիման վրա հանձնում ես ադրբեջանցուն, ապա դու ստանալու ես նույն պատկերը, ինչ ստացար այն ժամանակ, երբ ադրբեջացիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ եղած հատվածը»,-պարզաբանեց քաղաքագետը։

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե անկլավները հանձնեն ադրբեջանցուն, ապա վերահսկողության տակ է վերցվելու մի կողմից հայ-վրացական ճանապարհը, մյուս կողմից, եթե խոսքը Տիգրանաշենի մասին է, ապա արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու հայ-իրանական ճանապարհի հատվածներից մեկը։

ՎիգեՆ Հակոբյանը հիշեցրեց, որ բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, կա նաև բանավոր պայմանավորվածություն դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ, և դա ժամանակի հարց է։

«Ընդհակառակը, հիմա Հայաստանը անընդհատ մեղադրում է Բաքվին, որ Բաքուն չի համաձայնվում դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն, հիմա գնում է բանակցային բլեֆ, չեմ կարծում, որ խոսքն այն մասին է, թե Բաքուն համաձա՞յն է, թե՞ համաձայն չէ, ուղղակի Բաքուն ուզում է այլ փաթեթավորման մեջ դնել, այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային դեմարկացիան և դելիմիտացիան կապել սահմանների փոխադարձ ճանաչման ակտի հետ, որից կարող է բխել նաև Արցախի վերջնական, արդեն դե յուրե հանձնումը Ադրբեջանին։ Ես կարծում եմ, ուղղակի Ադրբեջանը այլ փաթեթի մեջ է տեսնում դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Հայաստանի իշխանությունը փորձում է այլ տարբերակների մեջ դա տեսնել կամ իրարից անկախ տեսնել»,-ասաց քաղաքագետը։

Նիկոլ Փաշինյանի բոլոր կոնցեպտուալ ելույթները Արցախի շուրջ վերջին 3 տարում, մանավանդ կապիտուլյացիայից հետո, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, հիմնված են նրա քաղաքական մոտեցումների, համոզմունքների վրա․ Արցախն ու ՀՀ սահմանային գյուղերը հանձնելը, նրա համոզմամբ, ոչ թե ստիպողական է, այլ դա իր գաղափարական մոտեցումն է։

Աննա Բալյան