կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 17:20
Հասարակություն

Հաստիքի կրճատման դեպքում գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ. ՀՀ ՄԻՊ-ը օրենսդրական խնդիր է արձանագրել

Հաստիքի կրճատման դեպքում գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ. ՀՀ ՄԻՊ-ը օրենսդրական խնդիր է արձանագրել

Հաստիքների կրճատումը դարձել է անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն օրենսդրական խնդիր է արձանագրել:

«Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում բարձրացվել է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայության հարցը:

Խնդիրը բարձրաձայնվել է Պաշտպանին հասցեագրված բողոքներով, որոնցով քաղաքացիները տեղեկացրել են, որ հաստիքների կրճատման հիմքով իրենց աշխատանքից ազատելիս գործատուները ոչ արդար մոտեցում են ցուցաբերում:

Ստացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ բարձրացված մտահոգություններն արդարացված են այն առումով, որ հաստիքի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելիս գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ, ինչի հետևանքով լինում են դեպքեր, երբ աշխատանքից ազատվում է առավել երկար աշխատանքային ստաժ, առավել բարձր դասային աստիճան կամ կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող աշխատողը՝ տեղը զիջելով այդ չափանիշներին նվազ բավարարող աշխատողին:

Բողոքների համալիր ուսումնասիրությունը բերում է այն համոզմանը, որ հաստիքների կրճատումը շատ հաճախ «անցանկալի» աշխատողներից ազատվելու միջոց է գործատուների համար, ինչն ինքին ոչ իրավաչափ, հետևաբար նաև անթույլատրելի երևույթ է: Այդպիսով, Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր դիտարկումը թույլ է տալիս արձանագրելու միտում, որ գործատուները բարեխղճորեն չեն իրացնում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունն այս կամ այն աշխատողին տալու իրենց հայեցողությունը: Այս հարցում գործատուներին տրված է հայեցողության լայն շրջանակ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ գործնականում առաջ եկած խնդիրների լուծումը պետք է տրվի հաստիքների կրճատման հիմքով աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատողների միջև ընտրության որոշակի չափանիշների ամրագրմամբ, որը պետք է իրականացվի նաև աշխատողի գործնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և որակավորման չափանիշների հաշվառմամբ»։