կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 17:00
Քաղաքական

Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով․ Թադևոս Ավետիսյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց հայրենի բնակավայրերից արդեն իսկ տեղահանվել են Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Մարդակեր Ալիևի ռեժիմը շարունակում է Արցախի հայաթափման քաղաքականությունը՝ հիմա էլ փափուկ ուժի գործադրմամբ և ռազմական ներխուժման բացահայտ սպառնալիքներով։ Այս մասին Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Արդեն 38 օր փակ է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար փաստացի բնակչությունը, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաները։ Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակը պարզ է։ Դրա մասին հայտարարում են բացահայտ, առանց վարանելու։

Ծրագրված կերպով այս փուլում ցանկանում են՝

Արցախը կտրել արտաքին աշխարհից,

կազմաքանդել պետական կառավարման համակարգը,

անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին,

ստեղծել հումանիտար աղետ՝ իր բոլոր անմարդկային դրսևորումներով,

վերջապես՝ այս ճանապարհով հայաթափել Արցախը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները։ Խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները․ «Եվ սա արվում է մեկ իրական նպատակով՝ ցեխասպանություն և հայրենազրկում։ Ակնհայտ է նաև․ այս իրավիճակում միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքից։ Ակնհայտ է նաև․ Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը շեշեց, որ Այլընտրանք չկա; Արցախը չի կարող լինել, գոյատևել Ադրբեջանի կազմում․ «Հայրենազրկման կործանարար այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է, յուրաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումը Արցախում, Հայաստանում և սփյուռքի մեր բոլոր գաղթօջախներում։

Համախմբում, միասնական դիմադրություն, պայքար մինչև հաղթանակ և արժանապատիվ խաղաղություն»,- ասաց նա։