կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 21:00
Քաղաքական

Հաշվի առնվելով ինքնախոստովանական ցուցմունքը և գործին օժանդակելու հանգամանքը՝ Քարահունջի վարչական ղեկավարն ազատ է արձակվել

Հաշվի առնվելով ինքնախոստովանական ցուցմունքը և գործին օժանդակելու հանգամանքը՝ Քարահունջի վարչական ղեկավարն ազատ է արձակվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, որը ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ազատ է արձակվել: ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։

«Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- նշեց Աբրահամյանը:

Ի դեպ, հենց Լուսինե Ավետյանն է այն անձը, որի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրվել և վերջինս կալանավորվել է: Դեռևս Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամանակ տեղեկատվություն էր շրջանառվում առ այն, որ նրանից փորձում են ցուցմունք կորզել Առուշանյանի դեմ, ապա՝ գործարք են առաջարկել, համաձայն որի՝ վերջինս ազատ կարձակվեր՝ ցուցմունք տալով Առուշանյանի դեմ: Թեև Ավետյանը համաձայնել էր գործարքի գնալ իրավապահների հետ, այդուհանդերձ, դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել, ինչը, փաստորեն օրեր անց փոխվել է: Ավելին՝ պարզվում է Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում:

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև նույն գործով կալանավցորված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե արդյոք վերջիններիս մասնակցությամբ առերես հարցաքննություն արդեն տեղի ունեցել է, թե ոչ, ինչին ի պատասխան Ալեքսանյանը հայտնեց, որ երեկ առերես հարցաքննություն պետք է իրականացվեր, սակայն իրենք հրաժարվել են առերեսմանը մասնակցելուց, այսինքն՝ ցուցմունքներ փաստացի չեն արձանագրվել: Նրա փոխանցմամբ՝ Առուշ Առուշանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք տված այլ անձինք չկան: Ավելին՝ Լուսինե Ավետյանը ցուցմունք է տվել երեք անգամ, որոնցից առաջինով հերքել էր Առուշանյանի հնարավոր մասնակցությունը, իսկ լրացուցիչ ցուցմունքների ժամանակ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ, իսկ հակասական ցուցմունքները մեկնաբանել է վատառողջ լինելով:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։

Ըստ ՀՔԾ-ի՝ Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Բացի դա՝ ըստ ՀՔԾ-ի՝ Ավետյանը, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։