կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 22:48
Քաղաքական

Քարահունջի վարչական ղեկավարն իրեն վերագրվող հանցագործությունները չի ընդունում. փաստաբան

Քարահունջի վարչական ղեկավարն իրեն վերագրվող հանցագործությունները չի ընդունում. փաստաբան

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կասկածանքը չի ընդունում, ձերբակալման իրավաչափության հարցով էլ դատարան կդիմեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավետյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատավարական համապատասխան փաստաթղթերին ծանոթանալուց հետո ակնհայտ է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է։ Ավետյանն իրեն վերագրվող հանցագործությունները չի ընդունում»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ հիմքեր են ներկայացվել ձերբակալման համար, փաստաբանը պատասխանեց.

«Որեւէ հիմք չի ներկայացվել գործով կասկածյալին։ Ընդամենը տրամադրվել է ձերբակալման արձանագրությունը։ Ոչ հիմքերի, ոչ ձերբակալման նպատակի վերաբերյալ որեւէ դատավարական փաստաթուղթ չի տրվել»։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ավետյանը 4 բնակչի «Դրամական աջակցություն» անվան տակ գումար է տրամադրել եւ հարկադրել, որ մասնակցեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ այս տարվա հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին։

 

Տես նաև՝ Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է․ փաստաբանը՝ Լուսինե Ավետյանի ձերբակալման մասին: