Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում բնակիչները դեռ անորոշության մեջ են, չգիտեն՝ գյուղի ո՛ր հատվածն է անցնելու թշնամու հսկողության տակ։ Նրանք թակել են Կառավարության, Պաշտպանության նախարարության դռները, որպեսզի հասկանան, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, սակայն ապարդյուն։
168.am–ի հետ զրույցում Քարահունջ գյուղի ղեկավար Լուսինե Ավետյանն ասաց, որ իրենց քարտեզ չեն տրամադրում, որպեսզի տեսնեն, թե գյուղի որ հատվածում է տեղակայվելու թշնամին կամ թշնամին տներից ինչ հեռավորության վրա է լինելու։
«Ես՝ որպես գյուղապետ, այդ սահմանազատման գործընթացին չեմ մասնակցում՝ թույլ չեն տալիս, ռուսը, թուրքը ու ինչ-որ հանձնաժողովի անդամներ են մասնակցում, և մեզ տեղյակ չեն էլ պահում, թե ինչ արեցին կամ ինչ է սպասվելու։ Բնակիչներն էլ իմ հետ, այսպես անորոշության մեջ, մեր օրերն անցկացնում ենք»,- շեշտեց նա։
Նա նշեց, որ իրադարձությունները վերլուծելով՝ հասկանում է, որ Սյունիքից գյուղ առ գյուղ հանձնվում է թշնամուն, Շուռնուխը հանձնելուց հետո, վստահ է, որ իրենց գյուղին էլ է հերթը հասնելու։
«Չգիտեմ՝ ինչ ասեմ, երևի հերթը դեռ մեր գյուղին չի հասել։ Հուսամ՝ քանի դեռ թշնամին չի եկել, ասել՝ այս կամ այն տունը թողեք, դուրս եկեք, մի բան կփոխեն, չգիտեմ, ես դեռ սպասում եմ, որ բան կփոխվի։ Չնայած, ըստ մեզ հասած տեղեկությունների, այգիներ կան, որոնք անցնելու են ադրբեջանական կողմին, «Քարահուջ» ՀԷԿ-ի մի մասը ու մի քանի շենքեր։ Սպասենք, տեսնենք՝ այս անորոշ վիճակն ինչպես կավարտվի»,- եզրափակեց Լուսինե Ավետյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: