Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի ադրբեջանական կայքեր հայտնել են, որ Ադրբեջանում հայերն անցած հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ընթացքում, ուղերձ են հղել «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, աշխարհի հայերին և Ղարաբաղում ապրող հայերին»։
Ադրբեջանական կայքերից մեկը (Report News Agency) պնդել էր, որ Ադրբեջանում «տասնյակ հազարավոր հայերի մի խումբ ստորագրել է ուղերձը»։ Միայն այս մեկ նախադասությունից կարելի է ասել, որ այս տեղեկատվությունը կատարյալ սուտ է, քանի որ Բաքվում «տասնյակ հազարավոր հայեր» չկան: 1988-ին և 1990-ին ադրբեջանական ամբոխի կողմից Սումգայիթում, Բաքվում և այլուր Ադրբեջանում հայերի դաժան ջարդերից հետո գրեթե բոլոր հայերը փախել են այդ երկրից՝ իրենց կյանքը փրկելու համար: Ադրբեջանում մնացած մի քանի հայերը նրանք են, ովքեր ամուսնացել են ադրբեջանցիների հետ: Ապրելով անընդհատ վախի մեջ ՝ նրանք օգտագործում են ադրբեջանական անուններ՝ իրենց իսկական ինքնությունը քողարկելու համար:
Ես երկու անգամ փորձեցի պարզել՝ արդյոք այս նամակը իսկական է, թե կեղծ: Նախ, դիմեցի ադրբեջանական կայքերից մեկին, որը հղում էր արել այդ նամակին՝ խնդրելով նամակի լուսապատճենը։ Ես ուզում էի տեսնել, թե քանի հոգի է ստորագրել այն, և նրանց անունները: Ադրբեջանական կայքը, որն, ամենայն հավանականությամբ, ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, պատասխանեց, որ իրենք ի վիճակի չեն «մանրակրկիտ հետաքննություն իրականացնել» Միակ տեղը, ուր հայտնվել է կեղծ նամակի ամբողջական տեքստը, եղել է ադրբեջանական կայքէջը (Armenia.az), որը շարունակաբար տեղադրում է հարյուրավոր հակահայկական հոդվածներ՝ հայերեն և ռուսերեն: Այս հոդվածները գրում են ադրբեջանցիները, որոնք նախկինում ապրել են Հայաստանում և վարժ տիրապետում են հայերենին:
Նամակը ճշտելու իմ հաջորդ փորձը Հայաստանում ենթադրյալ ստացողի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնի հետ էր։ Կաթողիկոսությունը տեղյակ չէր նման նամակ ստանալու մասին և նշեց, որ այն, ամենայն հավանականությամբ, Բաքվի սովորական հերյուրանքներից մեկն է:
Ընթերցողներին զվարճացնելու համար այստեղ ներկայացված են հատվածներ կեղծ հայկական նամակից՝ տեղադրված 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական Armenia.az կայքում:
«Այսօր Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։ Այս երկրում բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ կրոնից, կամ ռասայից՝ վերաբերվում են միանման։ Յուրաքանչյուր մարդ այս երկրում օգտվում է՝ Ադրբեջանի սահմանադրությամբ նրա քաղաքացիներին ներկայացվող միևնույն իրավունքներից»։ Նամակի այս առաջին երկու նախադասություններում կա երկու ակնհայտ սուտ. «Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր հայեր», և նրանց «վերաբերվում են միանման», ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիներին:
Ենթադրյալ հայ նամակագիրները դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին`օգտագործելու իր «հեղինակությունն ու ուժը՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության դադարեցման, օկուպացված ադրբեջանական հողերը իրենց տերերին վերադարձնելու ուղղությամբ։ Աջակցություն ցույց տալ անարդար արյունահեղությունը կանխելու հարցում»։ Ոչ մի իսկական հայ նման հայտարարություն չէր անի, բացի եթե նրա կյանքին վտանգ է սպառնում:
Նամակում այնուհետև դիմում են «աշխարհի հայերին և տարբեր հայկական լոբբիներին՝ իրենց աջակցությունը կենտրոնացնել նրա վրա, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության պայմաններում»՝ պնդելով, որ Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում Կարինա Գրիգորյան անունով մի հայուհի ծանր վիրավորվել է հայկական հրետակոծության ժամանակ։ Դժվար թե այդպիսի հայ կին բնակվի Գանձակում: Մի բան հաստատ է. Ադրբեջանում ոչ մի հայ չէր ունենա այդքան ակնհայտ հայկական անուն: Հայկական անուններով անձինք, որոնք ապրում էին Ադրբեջանում, կամ սպանվել են կամ փախել երկրից շուրջ 30 տարի առաջ:
Նամակում շարունակվում էր պնդումը, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում միայն իր տարածքում, ցանկանալով օկուպացիայից ազատագրել իր պատմական հողերը»։ Ադրբեջանի համար կեղծավորության գագաթնակետն է պնդել, որ նա պայքարում է ահաբեկչության դեմ՝ անցյալ տարվա պատերազմում մի քանի հազար սիրիացի իսլամիստ ահաբեկիչներին Արցախի դեմ կռվելու համար բերելուց հետո:
Նամակն այնուհետև կոչով դիմում էր «Ղարաբաղի (Արցախի) հայերին», կեղծ պնդմամբ, թե «30 տարի առաջ դուք երջանիկ էիք Ադրբեջանի հողերում, որտեղ հիմա ապրում եք։ Ձեր նյութական բարեկեցությունը բարձր էր, ձեր բոլոր իրավունքները պաշտպանված էին, որովհետև Ադրբեջանը մեր նկատմամբ միշտ վերաբերվել է, որպես իր քաղաքացիների։ Իսկ այժմ Հայաստանի մաֆիոզային ղեկավարությունը ձեզ վերածել է սեփական խաղերի զոհի։ Մենք շատ ենք ափսոսում դրա համար։ Դուք նույնպես ունեք մարդու նման ապրելու իրավունք և հնարավորություն, բայց Հայաստանը ձեզ զրկել է դրանից։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ և հրաժարվեք այդ խաղում գործիք դառնալուց։ Ադրբեջանը կպաշտպանի ձեր բոլոր իրավունքները, այդ թվում նաև ձեր անվտանգությունը։ Մենք հանդիսանում ենք դրա վառ օրինակը»։
Այս նամակի բովանդակությունն ավելի շուտ կատակերգության է նման, քան հավաստի ուղերձի: Նրանք, ովքեր հորինել են այս նամակը, այնքան մոլորված են, որ կարծում են՝ հայերը կհավատան նման ակնհայտ ստերին:
Նամակը վերջապես կոչով դիմել է հայ մայրերին․«Մի փակեք աչքերը Ադրբեջանի հողերում ձեր երեխաների մահվան վրա, որովհետև դուք նրանց աշխարհ չեք բերել, որպեսզի դառնան այս, կամ այն ուժերի խաղերի զոհեր»։ Շատ հուզիչ է, որ Ադրբեջանի կառավարությունը, դիմակավորվելով որպես Բաքվի հայեր, այդքան հոգ տաներ հայ մայրերի և նրանց երեխաների բարեկեցության մասին․․․
Այս կոչի մեջ միակ լավ բանն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը մեծ գումարներ է վատնում՝ այսպիսի անօգուտ նամակներ և կայքեր պատրաստելու համար՝ վճարելով ադրբեջանցիներին, որոնք այլապես գործազուրկ կլինեին: Ոչ մի հայ չի հավատալու նման կեղծ լուրերի մեկ բառին, որոնք հայտնվում են Armenia.az (az՝ Ադրբեջան) կայքում: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ստեղծի նաև հեռուստառադիոկայան՝ հայերեն հաղորդումներ հեռարձակելու համար՝ ավելի շատ գումար վատնելով, որը իրենց ղեկավարները դեռ չեն թալանել․․․
Ես չեմ կարծում, որ սա իսկական դիմում է Բաքվի հայերի կողմից: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե չնչին ճշմարտություն կա հայտարարված նամակում, դա նշանակում է, որ Ադրբեջանը որդեգրել է Թուրքիայի քաղաքականությունը՝ իր հայ և այլ փոքրամասնություններին ստիպել կեղծ քարոզչական հայտարարություններ տարածել՝ կոծկելու համար մարդու իրավունքների իր կոպիտ խախտումները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի