կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 15:52
Տարածաշրջան

Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների ելույթն ավարտվել է հրապարակային բանավեճով

Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների ելույթն ավարտվել է հրապարակային բանավեճով

Անկարայում Թուրքիայի արտգործնախար Մևլյութ Չավուշօղլուի և նրա հույն գործընկեր  Նիկոս Դենդիասի բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ հայտարարությունն ավարտվել է հրապարակային բանավեճով, բայց դրանից հետո նախարարները գնացել են ճաշի՝ ծիծաղելով:

Դենդիասը այցով Թուրքիայում է, որի ընթացքում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Չավուշօղլուի հետ:

Իր խոսքում Դենդիասն ասել է, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն, այլ միայն՝ մուսուլմանական: Նա նշել է, որ Թուրքիան ոտնահարում է Հունաստանի ինքնիշխան իրավունքները, և հարաբերությունները բարդանում են պատերազմի սպառնալիքի պատճառով, երբ Հունաստանը խոսում է միջազգային իրավունքներից բխող իր ինքնիշխան իրավունքների իրացման մասին:

«Ելույթիս մեջ ես Հունաստանի դեմ մեղադրական որևէ հայտարարություն չեմ արել: Բայց նա (Դենդիասը) ասաց, որ մենք ոտնահարում ենք Հունաստանի ինքնիշխանությունը: Մենք չենք կարող ընդունել այդպիսի հայտարարություններ: Մեր գործողություններն ուղղված են թուրք կիպրոսցիների և Հունաստանի թուրքական փոքրամասնության պաշտպանությանը։ Անմարդկային է թուրք փոքրամասնությանն ասել. «Դուք թուրք չեք, այլ միայն մուսուլման եք»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան Միջերկրական ծովում իր գործունեությունն իրականացնում է ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման ոլորտում ՝ միջազգային իրավունքի շրջանակներում:

Դենդիասը պատասխանել է՝ ասելով, որ Հունաստանի դիրքորոշումը Էգեյան ծովի վերաբերյալ հայտնի է և պարզ: Նա ընդգծել է նաև է Հունաստանի օդային տարածքի հարյուրավոր խախտումների մասին:

«Ինչ վերաբերում է թուրքական փոքրամասնությանը, ապա դա գրված է Լոզանի պայմանագրում: Թուրքիան ուզի դա, թե՝ ոչ, Լոզանի պայմանագիրն ուժի մեջ է»,- ասել է նա:

«Թուրքիան անընդհատ խախտում է միջազգային իրավունքը: 2020-ի փետրվարից և մարտից հետո (երբ հազարավոր միգրանտներ փորձեցին ճեղքել Հունաստանի սահմանը) Թուրքիան չի կարող Հունաստանին դաս տալ»,- ասել է նա է՝ հավելելով․ «Ես առաջարկում եմ անվերջ վիճաբանության մեջ չընկնել»:

Չավուշօղլուն իր հերթին ասել է, որ եթե Հունաստանը խոսում է Լոզանի պայմանագրի մասին, ապա պետք է ապառազմականացնի կղզիները, նաև՝ որ Թուրքիան չի ճանաչում Հունաստանի՝ 10 մղոն օդային տարածքը:

«Եթե մենք շարունակենք այստեղ հարաբերություններ պարզել, ճաշելու ժամանակ չենք ունենաու»,- ավելացրել է Չավուշօղլուն, որից հետո նա և Դենդիասը ծիծաղով ավարտել են ասուլիսը: