Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն նշել ենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի՝ կառավարությանն ուղղված նամակին առաջիններից արձագանքել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ դատապարտելով «ռազմական հեղաշրջման փորձը»։
Բացի այդ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքն ասել էր, որ Թուրքիան դեմ է հարևան երկրում ռազմական հեղաշրջմանը:
«Ինչպես միշտ, մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման փորձի: Հայաստանում պետական հեղաշրջման փորձը կհանգեցնի արդյունքների, որոնք տարածաշրջանում անկայունություն կառաջացնեն»,- ասել է նա:
Քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հեղաշրջման փորձը: «Ես կոչ եմ անում Հայաստանի ժողովրդին՝ պաշտպանել ժողովրդավարությունը»,- ասել էր նա:
Մտահոգություն է հայտնել և դատապարտել հիմնական ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Օզգյուր Օզելը:
«Մենք դատապարտում ենք ընտրված կառավարության դեմ պետական հեղաշրջման փորձը: Մենք միշտ կանգնած ենք ժողովրդավարության կողքին, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ վայրում»,- հավելել է Օզելը:
Միևնույն ժամանակ, լրագրող և CHP նախկին պատգամավոր Մելդա Օնուրը մատնանշել է իշխանամետ և պաշտոնական պետական լրատվամիջոցների վաղ արձագանքը, որոնք զգուշորեն էին լուսաբանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, ես վախով եմ նայում, որ քծնողները չեն կարող կատարվածը որակել պետական հեղաշրջման փորձ: Հետաքրքիր է, թե ինչ կասի Ալթունը (Ֆահրեթթին Ալթուն–նախագահականի հասարակայնության բաժնի ղեկավար)»,- հավելել է Օնուրը:
Ալթունն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք զարգացող իրավիճակը գնահատում ենք որպես պետական հեղաշրջման փորձ և դատապարտում այն անվերապահորեն: Թուրքիան միշտ հանդես է գալիս ժողովրդավարության և քաղաքացիների ազատ կամքի օգտին, որտեղ էլ որ նրանք հարձակման ենթարկվեն աշխարհում»,- գրել է Ալթունն իր Twitter-ում:
Հայաստանի ներքաղաքական իրավիճակին էր անդրադարձել նաև Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ նմանատիպ հայտարարություններ անելով։