կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 12:32
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հրաժարականը պահանջողները Տնտեսագիտական համալսարանում են

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները ԵՊՀ-ից հետո շարժվեցին դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք փորձեցին ներս մտնել դարպասներից, բայց ոստիկանները թույլ չտվեցին և կարմիրբերետավորների մեծ խմբով սկսեցին հետ հրել ցուցարարներին։

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկեցին ցուցարարները։

Հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։

«Բուհի ղեկավարությունը իրավունք չունի դարպասները փակելու մեր առջև, ստացվում է, որ բուհում գտնվողներին ղեկավարությունը գերի է վերցրել, իսկ դրսում գտնվողներին թույլ չի տալիս մտնել»,-ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

Ավելի ուշ ցուցարարները մեկ այլ մուտքով մտան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից ներս։

«Այս բուհում դասավանդում է դավաճանների ֆրակցիայի պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Չգիտենք, թե որ արժանիքների, մասնագիտական ինչ որակների համար, այնուամենայնիվ, նա անվանական դասավանդում է այստեղ, քանի որ դասացուցակներում կա նրա անունը գրված, բայց նույնիսկ դասերին ներկայություն չի ունենում։  Գևորգ Պապոյանի նման ֆիկտիվ երիտասարդները համալսարաններում տեղ չունեն»,-ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ղեկավար Տարոն Ղազարյանը։

Ցուցարարները մտան ռեկտորի ընդունարան և հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ՀՀ-ում իշխանություն չունի և Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է, որ բոլոր գիտակից և արժանապատիվ քաղաքացիները միանան շարժմանը։

«Մեզ քիչ առաջ տեղեկացրին, որ բուհի ղեկավարությունը թույլ չի տալիս, որ մենք մտնենք բուհի տարածք։ Սակայն, անկախ նրանց ցանկությունից, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է արժանապատիվ հայ ժողովրդին, արժանապատիվ երիտասարդներին։ Մենք փորձեցինք այցելել ռեկտոին, պրոռեկտորներին, որպեսզի հասկականք, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ երիտասարդները մտնեն բուհի տարածք, սակայն նրանք այստեղ չէին։ Կա՛մ ոստիկաններն են խաբում, կա՛մ նրանք ուղղակի դռները փակել էին»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցները մտան լսարաններ, որտեղ դասապրոցես էր ընթանում և հայտարարեցին, որ պետք է դուրս գալ պայքարի, որ կարողանանք մեր երեխաներին հայոց պատմության դասագրքերում մեր պատմության այս խայտառակ էջերի պատասխանները տալ։

ՈՒսանողները գրատախտակին գրել էին՝ «Նիկո՛լ, դավաճան»։

Մանրամասն՝ տեսանյութում․