կարևոր
4840 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 17:57
Հասարակություն Քաղաքական

Պաշտոնապես մեկնարկել է տնտեսագիտական համալսարանը փակելու գործընթացը․ Էդգար Ղազարյան

Պաշտոնապես մեկնարկել է տնտեսագիտական համալսարանը փակելու գործընթացը․ Էդգար Ղազարյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․

«2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական այն փաթեթը, որը նախատեսում էր կառավարության կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծում։ Առաջին տպավորությամբ դա ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ այս նյութի վերնագրի հետ, սակայն կապն առարկայական է և ուղիղ։ Խնդիրը կայանում է դրանում, որ նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության առանցքային հիմքը հանդիսացող մարմինը ՀՀ ոստիկանությունն է, որի կենտրոնական վարչական համալիրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ կազմում է մեկ ճարտարապետական ամբողջություն։ Նոր ստեղծվելիք նախարարությունը, որին պետք է միանան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների ներկա նախարարությունը (ներկայում ֆիզիկապես գտնվում է քաղաքի արվարձաններից մեկում, Դավիթաշեն վարչական շրջանում), ինչպես նաև այլ կառույցներ, արդյունավետ կառավարման տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանալու, դրան տեղակայել մեկ վայրում՝ քաղաքի կենտրոնում։ Ֆիզիկապես այդ խնդրի լուծման միակ տարբերակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքն է, որը ներառում է ոչ միայն հարմարավետ տարածքներ՝ վարչական նպատակների, այլև մարզադահլիճ՝ ծառայողական այլ խնդիրների լուծման համար։ Ավելորդ է նշել, թե ներկա պահին որքան կարևոր նշանակություն ունի ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի համար, որքան անկարևոր՝ բարձրագույն կրթության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում արդեն իսկ կայացվել է որոշում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու և նախաձեռնվել է գործընթաց` Երևանի երեք բուհեր՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը միավորելու վերաբերյալ։ Վարչապետի որոշմամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ քննարկելու համար մի շարք բուհեր Աշտարակում ստեղծվելիք կրթական համալիր տեղափոխելու նպատակով առաջարկություններ պատրաստելու համար։ Ակնհայտ է, որ այդ բուհերի ցանկը սկսվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ տարածքներն ազատելու նպատակով։ Տնտեսագիտական համալսարանը ստեղծվել է 1975 թվականին (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ անվանումով)՝ առանձնանալով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետից։ Դեռևս տնտեսագետի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը հնարավորություն տալիս է բուհին համալրել մրցութային տեղերը, սակայն շատերը գիտեն, որ բակալավրի աստիճանով տարեկան 1000 նոր տնտեսագետի պահանջ տնտեսությունը չունի (ավելորդ է նշել, որ տնտեսագետի մասնագիտության ուսումնական ծրագրեր են իրականացնում ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլև ԵՊՀ-ում, Ագրարային, Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, Եվրոպական համալսարաններում և այլն)։ Կառավարությունում շատ լավ գիտեն նաև, որ գրագողության սկանդալային պատմություններով կոռուպցիայի վրա հիմնված «գիտական» կարիերա արած մարդկանց պարագայում դժվար է ապահովել պատշաճ ակադեմիական միջավայր և մրցունակ համալսարան, ուստի արդեն պարզ է, որ այդ համալսարանը փակելու որոշումը չի ուշանա։

Վստահաբար այդ ժամանակ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները և վարչական աշխատողները դուրս կգան «պայքարի», կկազմակերպեն բողոքի գործողություններ, ցույցեր, բայց նրանց այլևս լսող չի լինի, քանզի իրենք հանդուրժել են ազգակործան բռնապետին։ Իսկ բռնապետերը որոշումներ են կայացնում՝ պայմանավորված ոչ թե հանրային կարծիքով, այլ սեփական պատկերացումներով և շահերով»։