Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1992թ. հունվարի 8-ին` Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի տխրահռչակ «նախագահական կառավարման» հաստատումից մոտ մեկ շաբաթ անց, ԼՂ Գերագույն խորհրդի նորընտիր նախագահ Արթուր Մկրտչյանն իր անդրանիկ ելույթներից մեկի ժամանակ խոսեց վախերի հաղթահարման, գոտեպնդման ու ժամանակի մարտահրավերներին դիմակայելու մասին. «Եթե 87 թվականին վախենում էինք մի հասարակ թուղթ ստորագրելուց, 88-ին վախենում էինք ցույցի դուրս գալուց, 89-ին վախենում էին Գորբաչովին քննադատելուց, 90-ին վախենում էինք զենք վերցնելուց, այսօր այդ վախը լրիվ հաղթահարվել է, որովհետև ուրիշ ելք չկա. սա վերջին միջոցն է… Եվ ամենակարևոր հարցերից մեկն էլ արդեն աշխարհին է հայտնի, ու մենք ազգովի հասցրել և ընդունում ենք, որ Ղարաբաղի խնդիրը համազգային է ու ամենաառաջնահերթ: Ազգովի'ն պետք է լուծենք Ղարաբաղի հարցը: Ոչ ոք չի կասկածում, որ բոլորս միասին ենք ու միահամուռ: Այս պայքարը միասին պետք է ավարտենք, և համոզված եմ հաղթանակո‘վ»:
Այսօր` այդ հայտարարությունից շուրջ երեք տասնամյակ անց, կրկին կանգնած ենք վախերը հաղթահարելու, «նեոգորբաչովին» քննադատելու և զենք վերցնելու հաստատակամության խնդրի առաջ: Բայց մինչ այդ մենք պետք է լուծենք մեր միասնականությունն ու համազգային հավատը խարխլած կապիտուլյանտի հարցերը` նրանից վերցնելով այն, ինչն այլևս իրեն չի պատկանում, նրանից փրկելով մեր բզկտված հայրենիքի փշրանքները, որպեսզի կարողանանք միայն դրանից հետո զենք վերցնել ու, իրար կցելով այդ փշրանքները, վերակառուցել մեր պետականությունը, որն անունդի եզրին հասցրեց նա, ում անունն անգամ չեմ ցանկանում հոլովել:
Հիմա` ներկա օրերում, պետք է մի կողմ դնենք ներքին անհամաձայնություններն ու փշրենք Հայաստանի մայրաքաղաքում գտնվող Տրոյական ձին: Ուստի փետրվարի 20-ին` ժամը` 15:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ` մեծ հանրահավաքի: Հենց այդ հրապարակում և այդ օրն է մեկնարկել Ղարաբաղյան շարժումը: Եկեք վերաիմաստավորենք այդ օրը, եկեք մեկ բռունցք դառնանք ու ո'չ ասենք Արցախը թշնամուն հանձնած ու մեր պատիվը գետնին գցած մարդուն: Եկեք կանգնեք կողք կողքի, կանգնենք ու հիշենք այն երեսներեքամյա լուսավոր գործչի խոսքը, որի մարգարեական ելույթը մեջբերելով` սկսեցի իմ փոքրիկ գրությունը. «Ուրիշ ելք չկա, սա վերջին միջոցն է, այս պայքարը միասին պետք է ավարտենք»:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ