կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 17:39
Հասարակություն

Կռապաշտութիուն

Կռապաշտութիուն

  Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ  նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ,  կարելի է նշել, բոլշևիկների և իմ քայլականների  նմանութիւնները ըստ հետևեալի:

Եթէ բոլշևիկեան յեղափոխութեան շնորհիւ, Հայաստանում Սովետական իշխանութիւն հաստատւելուց յետոյ, հակառակ հայ ժողովրդի նկարագրի ու կամքի, աթէիստ ու ապազգային բոլշևիկ ղեկավարութեան կողմից, հայ ժողովրդին պարտադրւեց անձի պաշտամունք որն ոչ այլ ինչ էր եթէ ոչ սովետիզմի կռապաշտութիւն, թաւշեայ «յեղափոխութեամբ« էլ Հայաստանում իշխանութեան հասած իմ քայլականները ստեղծեցին իրենց անարժան կուռքը և անցան անձի պաշտամունքի:

Եթէ բոլշևիկները գործի անցնելուց յետոյ, նախ իրենց բանւորա-գիւղացիութեան հովանաւոր ու պաշտպան, իսկ միւսներին ազգի թշնամիներ որակելով,  հայութեան մէջ երկպառակտութիւն ու ատելութիւն առաջացրին, իմ քայլականներն էլ ղեկավար դիրքի հասնելուց յետոյ, իրենց սպիտակ և ուրիշներին սև անւանելով ժողովրդին մէջ երկպառակտութիւն ու ատելութիւն սերմանեցին:

Եթէ բոլշևիկները սուր հալածանք ծաւալեցին կրօնի և Հայաստանեայց Առաքելական եկեղեցու սպասաւորների դէմ, ընդհուպ մինչև կաթողիկոս խեղդամահ անելով, իմ քայլականներն էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ անվայել ու անպարկեշտ ենթացք կիրառեցին, ընդհուպ մինչև կաթողիկոսի մեքենային շրջապատելը և անյարգանքի սիւնին գամելը:

Եթէ բոլշևիկները առաջին Հանրապետութեան հիմնադիրներին ու ազգային մտածելակերպ ունեցողներին գնդակահարեցին ու   աքսորեցին, իմ քայլականներն էլ նախկինների և ընդիմադիրների նկատմամբ քրէական գործեր յարուցեցին ու «ասֆալտ»ին պառկեցնելու ու «պատին ծեփելու» քաղաքականութիւն կիրառեցին:

Եթէ բոլշևիկները նենգափոխեցին հայոց պատմութիւնը, մոռացութեան մատնելու համար հայոց ազատագրական պայքարները,  ցեղասպանութիւնը, Մայիսեան հերոսամարտերն ու վեց դար խաւար ստրկութիւնից յետոյ հայ ժողովրդի թափած բոսոր արեան գնով, ձեռք բերւած, Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, իմ քայլականներն ևս թուրք պատմաբանների հետ  կազմւած մի ինչ որ յանձնաժողովում, հայոց պատմութեան դասագրքերը փոփոխութեան ենթարկելու աշխատանքի լծւած, փորձում են մոռացութեան մատնել այն բոլորն ինչ ազգային արժէք է կոչւում:

Եթէ բոլշևիկները ընտանեկան սրբութիւնը ոտնահարում էին զաւակներին իրենց  ծնողների դէմ վկայութիւններ տալու խրախուսութեամբ, իմ քայլականները  ընտանեկան սրբութիւնը կործանում են համասեռականութեան ջատագովումով:

Եթէ բոլշևիկները, մարդասպան կուռքի մահւամբ իրենց վերագտնելով փարւեցին ազգային արժէքներին և առ ի գնահատում այդ արժէքների վերափոխեցին նենգափոխւած հայոց պատմութիւնը և կառուցեցին Հայոց ցեղասպանութեան ու Մայիսեան հերոսամարտերին և այլնին նւիրւած յուշակոթողներ, իմ քայլականները Երևանում կանգնեցւած Արամ Մանուկեանի արձանը արհամարելով, որևէ համապատասխան  տօնի առիթով ոչ մի պաշտօնական միջոցառում չկազմակերպեցին Արամի արձանի շրջափակում:

Եթէ բոլշևիկները Արցախը Հայաստանին միացնելու համար բազում միջոցների դիմելուց բացի և այդ առթիւ Անտոն Քոչինեանի նման մի ղեկավար Մոսկւայում, խիստ վեճաբանութեան է մատնւում Քրեմլինի մի քանի ղեկավարների հետ,  իմ քայլականների կուռքը, Ալիևին «բարեկիրթ ու հաւասակշռւած մարդ» որակելով, Արցախի անբաժան մաս համարւող ՝ Շուշին, Հադրութը ու հայրենիքի մի քանի այլ շրջաններ, ոսկեայ սկուտեղով մատուցում է Ալիևին:

 Բոլշևիկների և իմ քայլականների գործելաոճը միմեանց նման լինելով հանդերձ, տարբերւում են վերջնական նպատակի իրականացման մէջ, առաջինը ցանկանում էր Ռուսիոյ գլխաւորութեամբ իրականացնել բանւորա-գիւղացիութեան համաշխահային յեղափոխութիւնը իսկ երկրորդը՝ Ամերիկեան համաշխահայանացումը:

Իմ քայլականների վարչախմբի վերջնական ճակատագիրը լինելու հէնց  այն ճակատագիրը, ինչ կատարւեց բոլոր բոլշևկեան վարչախմբերի նկատմամբ:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր-Ջուղա

4-2-2021թ.