կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-14 16:34
Տարածաշրջան

Հունաստանի վարչապետը խոստացել է 2021 թվականին ավելի ջերմ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ

Հունաստանի վարչապետը խոստացել է 2021 թվականին ավելի ջերմ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում գնահատել է Թուրքիայի հետ հարաբերությունները հունվարի 25-ին երկկողմ բանակցությունների 61-րդ փուլն անցկացնելուց առաջ. հաղորդում է Haber7-ը:

Միցոտակիսը կարծում է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն 2021 թվականին:

«Մենք ցանկանում էինք այդ բանակցություններն անցկացնել հենց սկզբից: Ավելի լավ է նստել բանակցությունների սեղանի շուրջը, քան լիովին անտեսել միմյանց: Մենք նպատակ ունենք քննարկելու Հունաստանի և Թուրքիայի իրավասության տարածքները Էգեյան, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովերում»,– նշել է նա։

Որպես հաջող բանակցությունների օրինակ՝ Միցոտակիսը նշել է Հունաստանի կողմից Իտալիայի և Եգիպտոսի հետ կնքված ծովային իրավասությունները սահմանող համաձայնագրերը և Ալբանիայի համաձայնությունը` քննարկել այդ հարցը Հաագայի միջազգային դատարանում:

«Մենք ձգտում ենք երկարաժամկետ լուծումներ գտնել Թուրքիայի հետ: Դա օգուտ կբերի ինչպես Թուրքիային, այնպես էլ դրականորեն կազդի ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի վերջին Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան: Աթենքը դժգոհ է, որ թուրքական Oruç Reis նավը երկրաբանական հետազոտություններ է իրականացնում Արևելյան Միջերկրական ծովում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարը հայտարարել էր այս ծովային շրջանից թուրքական բոլոր նավերի, այդ թվում՝ ռազմական նավերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտության մասին: