Ռազմական - քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը տարածել է «Ազգային ճակատ» հայրենասիրական հ/կ-ի կոչը, որը ներկայացնում ենք ստորև.
««Ազգային ճակատ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որի ստեղծման նպատակն է նպաստել՝
● Հայոց ազգային գաղափարաբանության ձևավորմանը և ազգային պետության կերտմանը,
● Ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի Հայոց ազգային բնավորության և ազգային ներուժի համախմբմանն ու զարգացմանը,
● Հայաստանի Հանրապետության և հայ ազգի նկատմամբ միջազգային բարենպաստ վերաբերմունքի և կարծիքի ձևավորմանը։
Միանալով ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությանը և նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված հայտարարության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև հայտարարության ստորագրմամբ Արցախի Հանրապետության հայության՝ որպես բնիկ ժողովրդի գոյապահպանության և կեցության համար ստեղծվող իրական վտանգները, հայ ազգասեր և հայրենապաշտ զավակներին Հայաստանում և Հայկական սփյուռքում, կոչ է անում՝
ա/ անհապաղ պահանջել հրավիրելու ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած ոչ հայանպաստ հայտարարության իրավազորությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը,
բ/ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում նոր խորհրդարանական ընտրություններ,
գ/ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական, քաղաքական կազմակերպությունների և Հայ Առաքելական եկեղեցու, հայ կրոնական հարանվանությունները ներկայացնող կազմակերպությունների հետ խորհրդակցելով՝ նրանց առաջարկությունների հիման վրա ստեղծել ժամանակավոր կառավարություն,
դ/ Հայաստանում և Հայկական սփյուռքում ստեղծել ,,Ազգային միասնության ճակատ,, համահայկական շարժում՝ ձևավորելով շարժման համակարգման կազմակերպական մարմին,
ե/ Հայաստանի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում հրավիրել հայկական քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդաժողովներ՝ քննարկելու համար Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և նպաստելու դրա հանգուցալուծմանը ՝ ազգային համաձայնության , միասնության, համախմբման հիմքի վրա, ուղենիշ ունենալով ազգային ջանքերի և կարողությունների մեկտեղմամբ պայքարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար»: