Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ. սեպտեմբերի 3-ին Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համատեղ անցկացրել է առցանց հանդիպում։ Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդ առաջնորդների միացյալ ռազմավարական տեսլականը զբոսաշրջության՝ որպես տնտեսական աճի գործոնի, ինչպես նաև խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ:
Առաջարկությունների փաթեթը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ,Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակե ծրագրի շրջանակներում: Այն օգտակար է եղել հայ և վրացի երիտասարդ մասնագետների կայուն ցանցի ստեղծման առումով, մի կողմից նպաստելով միջսահմանային համագործակցության ամրապնդմանը, իսկ մյուս կողմից էլ` երկու երկրների միջև բազմակողմանի գործունեության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծմանը:
Մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը և Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի տնօրինության ներկայացուցիչ Նանա Ցերցվաձեն:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ,Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակե ծրագիրը մեկնարկել է 2019 թ. օգոստոսին: Ընդհանուր առմամբ ծրագիրը Հայաստանից ու Վրաստանից ունեցել է 90 մասնակից՝ պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոշում ընդունողներ, իրավաբաններ, հայտնի լրագրողներ, բիզնես մենեջերներ, հետազոտողներ և այլ երիտասարդ մասնագետներ: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների քննարկումներն օգտակար էին փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ եզրակացությունների հանգելու առումով: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ու Վրաստանում տարբեր ձևաչափերով կազմակերպվել է չորս միջոցառում:
Հանդիպումների ընթացքում հայ և վրացի բարձրակարգ փորձագետներն ու մասնակիցները մշակել են առաջարկությունների փաթեթ՝ միտված Հայաստանի և Վրաստանի ռազմավարական տեսլականի իրականացմանը: Այն է՝ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը կառավարելու՝ կանխարգելող, հայտնաբերող և պատժիչ միջոցներ, Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական հասարակություններում հավասարության սկզբունքով պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, հաստատել իրավահավասարություն ու անխտրականություն, բարձրորակ, բարգավաճ, մրցունակ և կայուն զբոսաշրջային ինդուստրիա ստեղծելու միջոցով երկու երկրները զարգացնել որպես զբոսաշրջության ցանկալի մեկնավայրեր։ Այնպիսի զբոսաշրջային ինդուստրիա, որը բարիք է ստեղծում բոլոր մակարդակներում, նպաստում է միջավայրի և կյանքի որակի բարձրացմանը, այցելուներին վայելքի հնարավորություն է տալիս կլոր տարին: Առանձնակիորեն կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացման հանգամանքը: Գործողությունների վերաբերյալ առաջարկությունները միտված են նպաստելու երկու երկրների բարեփոխումների գործընթացներին:
Ծրագրի մասնակիցները բարձր գնահատեցին ցանց ստեղծելու, փորձի փոխանակման հնարավորությունները, երկու երկրների համար ընդհանուր իրողությունների, բացերի ու մարտահրավերների, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիների քննարկումները, համագործակցության նոր հնարավորությունները:
,Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակե ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի անդամ են: