կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 14:59
Աշխարհ

Մենք չենք պատրաստվում հնազանդվել Թուրքիային. Կիպրոսի «թուրքական հատվածի նախագահ»

Մենք չենք պատրաստվում հնազանդվել Թուրքիային. Կիպրոսի «թուրքական հատվածի նախագահ»

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջըն հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ իր երկիրը չի ենթարկվի Թուրքիային: Սոցցանցերում տեղադրված գրառման մեջ նա ակնարկել է Թուրքիային, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա:

Աքընջըն, մասնավորապես, գրել է.

«Ես միշտ պաշտպանել եմ հարաբերությունները Թուրքիայի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա: Մենք չենք դառնա Թուրքիայի թշնամին, բայց մենք չենք դառնա նաև ենթակա:

Այնպես, ինչպես մենք չենք ցանկացել մնալ հունական կողմում փոքրամասնության կարգավիճակով, չենք ցանկանում ընկալվել նաև որպես ենթակա պետություն: Մենք՝ որպես արժանի ժողովուրդ, ցանկանում ենք ապրել այս հողերում՝ միջազգային իրավունքի շրջանակներում հավասարության, ազատության և անվտանգության պայմաններում: Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն մեր ժողովրդի այս զգացմունքները: Նույնիսկ մեր ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունի միայն մեր ժողովուրդը: Ցանկացած միջամտություն, որը գերազանցում է այդ սահմանները, մեզ համար անընդունելի է»:

Նշենք, որ Աքընջըն ոչ մեկ անգամ է այնպիսի հայտարարություններ անում, որոնք դուր չեն գալիս Թուրքիային. ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Կիպրոսը թուրքական է» արտահայտությունն արդեն հնացած է, որի համար խիստ քննադատությունների արժանացավ մայր Թուրքիայի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի հյուսիսային հատվածը բռնազավթել է 1974 թ., որը կազմում է կղզու 36 տոկոսը: Միայն Թուրքիան է ճանաչել ինքնահռչակ հանրապետության անկախությունը: