Երևանում Գերմանիայի դեսպանությունը 2015թ․ապրիլի 14-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր՝ այդ հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում «Ներազդել կանանց իրավունքների օրակարգի վրա» ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցության մասին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աջակցություն կցուցաբերի այս ծրագրին 33․000 եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով։
Ծրագիրը հետապնդում է երեք հիմնական նպատակ․
- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ․ դեկտեմբերի 18-ին ընդունված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի» (CEDAW) կիրառման իրավական մոնիտորինգ։ Հայաստանն այդ կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին։
- Հայկական հասարակայնության շրջանում, այդ թվում նաև մարզերի բնակչության շրջանում, պետության, հասարակության և իրավակարգի ներսում կնոջ իրավունքների և դերի մասին իրազեկման իրականացում։ Ընդ որում, իրավապաշտպան կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներակայացուցիչներին պետք է մատնանշվեն միջոցներ և ուղիներ, որոնք կարող են խթանել կանանց իրավունքների արդյունավետ իրացումը։
- Համայնքային քաղաքականության ոլորտում իրավահավասարության սկզբունքով կանանց մասնակցության մասին քննարկումների խթանում։
ՀԵԻԱ-ն այս ծրագրի շրջանակում և, հենվելով ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի կիրառման հետ կապված դիտարկումների վրա, մտադիր է, համագործակցելով կանանց իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբանների հետ, մշակել Հայաստանի բոլոր հասարակական բնագավառներում կանանց իրավահավասար մասնակցության իրավական և փաստացի ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ։
Ի վերջո, կանայք, որոնք իրենց կենսապայմանների պատճառով առանձնահատուկ իրավական և փաստացի պաշտպանվածության կարիք ունեն, պետք է ավելի լայն խորհրդատվության և աջակցության հնարավորություններ ունենան։ Օրինակ՝ անվճար իրավական խորհրդատվության տեսքով։ Այդ նպատակով ոչ միայն Երևանում, այլ նաև Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք և Լոռի մարզերում իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման աշխատակիցների համար պետք է կազմակերպվեն կանանց իրավունքների ոլորտում վերապատրաստման միջոցառումներ։
Բացի այդ, կանայք սեմինարների և քննարկումների օգնությամբ պետք է ակտիվորեն քաջալերվեն՝ զբաղեցնել ավելի շատ հանրային և քաղաքական պաշտոններ, ինչպես նաև աշխատատեղեր դատական ոլորտի տեղական մակարդակում։
Կանանց և աղջիկների կողքին ծրագրի թիրախային խմբեր են հանդիսանում իրավաբանները, իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները (հատկապես կին քաղաքապետերը):
Երևանում Գերմանիայի դեսպանությունը համարում է, որ հատկապես աջակցության է արժանի այս ծրագիրը, քանի որ կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված իրավահավասարության քաղաքականությունը, ինչպես նաև բռնությունից և շահագործումից պաշտպանությունը Գերմանիայի Դաշնային կառավարության համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն