կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 13:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե լինի օրինախախտում, ոստիկանությունն իր ամբողջ պոտենցիալն օգտագործելու է. Ալեն Սիմոնյանը՝ ոստիկանի ռեպլիկի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է երկու նոր նախաձեռնությամբ հանդես գալ՝ կորոնավիրուսի դեմ իշխանությունների պայքարի արդյունավետությունը գնահատելու համար ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով և դիմել ՍԴ՝ հավաքների ազատությունը սահմանափակելու որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այս նախաձեռնություններին նշեց, որ այն գնահատում է գերազանց: «Կորոնավիրուսի գոյությունն են կեղծ համարում, պատգամավորներ կան ովքեր դիմակ չեն կրում: Պիտի հասկանանք, արդյոք դա միտումնավոր է արվում ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու և այսօրվա իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Ինչ վերաբերվում է ՍԴ-ին, ապա մեր գործընկերները բազմիցս ասում էին, որ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինելուն, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա իրենց հարցին»,-նշեց նա:

Հարցին, ինչ գնահատական կտա երեկ ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողություններին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը ներողություն խնդրեց, քանի որ այդ թոհուբոհի մեջ միգուցե եղել են բացթողումներ: Ոստիկանությունն առանց քաղաքական գնահատականներ տալու արձագանքեց, ներողություն խնդրեց, ինչը ես շատ բարձր եմ գնահատում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց բոլորին»:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ փոխոստիկանապետի ներողությանը հաջորդեց ոստիկաններից մեկի ռեպլիկը՝ սա դեռ մեր ամբողջ պոտենցիալը չէր, Սիմոնյանը պատասխանեց.

«Չեմ լսել այդ ռեպլիկը, եթե լինեն օրինախախտումներ, ուժ կիրառելու պոտենցիալը օգտագործվելու է ըստ անհրաժեշտության, անկախ նրանից, թե դա ում է վերաբերվում: ՀՀ-ում օրենքը գործել է և գործելու է»:

Ալեն Սիմոնյանը նաև հարցրեց, արդյո՞ք ոստիկանն անձնամբ լրագրողներին է նման բան ասել, ապա հորդորեց չսադրել, նշելով որ ինքը դրա մասնագետն է:

«Ձեզ ոստիկանը մոտեցել է և ասել՝ ավելի շատ ուժ կկիրառե՞նք, երբ կտեսնեմ կխոսեմ: էլ չեմ ասում որ ոստիկանական զորքերի մեջ կան 20 հազարից ավել աշխատակիցներ: Նույնիսկ մեկ ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի, առնվազն ազնիվ չէ»: Մեր դիտարկմանը, որ այդ դեպքում կարելի էր պարզապես ասել, որ դա մեկ ոստիկանի սխալ էր, այլ ոչ թե լրագրողների սադրանք, Սիմոնյանը պատասխանեց. «Դուք ի ցույց եք դնում իմ ասածի ճշմարտությունը»:

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը բռնությունն էր գործադրել ԱԱԾ-ի դիմաց աշխատող լրագրողների նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.