կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 17:02
Քաղաքական

«Աշխատողներին մարզերից տաքսիներո՞վ բերենք»․ կառավարության՝ հարսով փեսային լավություն անելու հերթական քայլը

«Աշխատողներին մարզերից տաքսիներո՞վ բերենք»․ կառավարության՝ հարսով փեսային լավություն անելու հերթական քայլը

Կառավարությունն այսօրվանից թույլատրում է շինարարությունը։ Ավելին՝ ոչ միայն թույլատրում է, այլև զանգահարում են առավել խոշոր շինարարական ընկերություններին և ստիպում վերսկսել աշխատանքները։ Կառավարությունը «կարգավորել է» նաև աշխատանքի մեկնողների փոխադրման հարցը, քանի որ տրանսպորտը չի աշխատում։ Մարդկանց պետք է տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ փոխադրեն գործատուները։ 

Խոշոր շինարարական ընկերություններից մեկի ներկայացուցիչը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ երկու հարյուր աշխատակիցների տաքսու վճարները կազմում է ահռելի թիվ, քանի որ, ըստ գործատուի, բանվորների և շինարարների զգալի մասն առավոտյան աշխատանքի է գալիս հարևան մարզերից՝ Էջմիածնից, Մասիսից, Չարենցավանից և այլն։ Արդյունքում՝ այդ մարդկանց փոխադրամիջոցների վարձավճարը կարող է գերազանցել աշխատավարձը, ինչը ֆինանսական ահռելի բեռ է ընկերության համար։ 

«Կառավարության համար հեշտ է ասել՝ կստիպենք, որ հոգան տրանսպորտի ծախսերը, իսկ իրենք հաշվարկե՞լ են, թե խոսքը ինչ ծախսերի մասին է, որ այդպես հերոսական հայտարարություններ են անում և փորձում դուր գալ հասարակ աշխատողին կամ հանրությանը»,- դժգոհեց զրուցակիցը՝ նշելով, որ, հասկանալի է կառավարության մտահոգությունը, շինարարական ոլորտի ամեն պասսիվ օրը հսկայական վնասներ է պատճառում բյուջեին։

«Դա նշանակում է՝ օրական միլիոնավոր դրամների շինանյութի առաքման բացակայություն, հսկայածավալ շինարարության տեմպի նվազում կամ դադարում, դրա հետևանք՝ բնակարանների առքուվաճառքի նվազում, և սյա բոլորից բխող՝ հսկայական հարկային մուտքերի բացակայություն, ինչը լրջագույն հարված է մեր տնտեսությանը», - փաստեց շինարարական ընկերության ներկայացուցիչը։ 

Ըստ նրա՝ այս հայտարարությունը հերթական ամբոխահաճո և «կաբինետային» որոշման արդյունք է, որը ոչ մի ընկերություն չի կիրառելու։ 

Ի՞նչ են պատրաստվում անել՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մոտիկ տեղերից մի քանիսին կկանչենք աշխատանքի, որ ինչ-որ տեղ ցույց տանք՝ իբր աշխատում ենք, բայց դե դա լուրջ չի, պետք է հարցին գլոբալ լուծում, պետք չի ամեն ինչ անել, որ բիզնեսը պայթի, կառավարությունը մտածում է իր ռեյտինգի մասին, որ երեկոյան հայտարարեն՝ լուծել են փոխադրման հարցը, այնինչ՝ սա խորքի մեջ ոչ թե լուծում է, այլ հարսով փեսային լավություն անել»։