կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-03-11 18:19
Քաղաքական

ԱՄՆ-ը Թուրքիային պահում է կարթից կախված՝ չի ճանաչում նրա իրավազորությունը Հայկական բարձրավանդակի նկատմամբ

ԱՄՆ-ը Թուրքիային պահում է կարթից կախված՝ չի ճանաչում նրա իրավազորությունը Հայկական բարձրավանդակի նկատմամբ

Միացյալ Նահանգները երկար ժամանակ՝ արդեն համարյա 100 տարի, Թուրքիային պահում է կարթից կախված. ըստ yerkir.am-ի՝ pravda.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը:

«Բանն այն է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Թուրքիայի իրավազորությունը Հայկական բարձրավանդակի՝ այսպես կոչված, Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Մի քանի անգամ և մշտապես թուրքական դիվանագիտությունը դիմել է ամերիկացիներին՝ իր իրավազորությունը ճանաչելու խնդրանքով»,- հայտնել է նա՝ հավելելով, որ այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավազորությունը ճանաչել էր ԽՍՀՄ-ը. կան մի շարք պայմանագրեր, իսկ այդ հարցով Լոզանի պայմանագիրն էլ ստորագրել են բազմաթիվ եվրոպական երկրներ:

«Սակայն ԱՄՆ-ը չի ճանաչում, և այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավազորությունը շատ խոցելի է: Ամերիկացիներն էլ չեն ճանաչում, քանի որ կա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահած արբիտրաժային դատարանի վճիռը, իսկ այդ դատարանի վճիռն առաջնային է նույնիսկ հետագայում կնքված բոլոր պայմանագրերի նկատմամբ»,- նշել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ Թուրքիային շանտաժի ենթարկելու համար ամերիկացիների ձեռքի տակ մշտապես կա Վիլսոնի իրավարար վճռի քարտեզը, որը կարող են հանել ամենակրիտիկական պահերին, սակայն չեն հանում, քանի որ նույնպես «տաք են պահում» իրավիճակը: «Այդ պատճառով էլ Էրդողանը երբեք «ահա՝ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից» արտահայտություններից հեռու չի գնա: Գուցե հաճույքով աներ դա, եթե ամերիկացիները չունենային Թուրքիայի վրա ազդելու այդպիսի լծակ»,- ասել է Կարինե Գևորգյանը: