Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արա Նախշքարյանի նորահրատ «Սրբազան խաչելություն» գեղարվեստական իրապատում-պատմվածքը (Երևան, «Լուսակն հրատարակչություն», 2019) ներկայացնում է 20-րդ դարի 70-80 – ական թթ. լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերն ու հայկական թաղամասերի ինքնապաշտպանական պայքարի դրվագները: Գրքում հեղինակը պատմում է 5 հայ պատանիների մասին, ովքեր իրենց ազգային դաստիարակության շնորհիվ, հասակ առնելով, երդվեցին՝ հայոց ազատագրության դատին նվիրաբերել իրենց կյանքը, մինչև որ հայը ստանա արդար հատուցման իր պատասխանը:
1983 թ. հուլիսի 27-ին, 5 ընկերներով որոշում են դուրս գալ աշխարհի անուշադրության պատնեշը քանդելու և, քնած մարդկությանը ապտակելով արթնության կոչով, հասկացնելու արդեն սկսված և շարունակվող իրենց արդար պայքարի մասին:
Լիբանանից մինչև Պորտուգալիա լուռ ու առանց տրտնջալու տղաներն անցան իրենց համար ստեղծված գողգոթայի ողջ ճանապարհը և, Լիսաբոնի սրտում խաչվելով, սրբացան՝ հորդորելով իրենց ազգակիցներին՝ չլռել, քանի հայը չի տիրացել իր սուրբ Հայրենիքին: Երիտասարդների այս պատգամը փոխանցվելով հասավ մինչև արցախյան շարժում, և ապա՝ գոյապայքար, որտեղ հաղթանակ կերտվեց, ու անունն անկախություն կնքվեց:
Հեղինակը գրքում ներառել է նաև իր հոդվածներն ու բանախոսությունները, օրվա խորհրդի հետ, տարբեր հրապարակներում խոսված իր ելույթները:
Ընթերցողը, թերթելով գրքի 100 էջերը, լուսանկարների միջոցով ավելի է մոտենում Արայի, Սեդրակի, Վաչեի, Սիմոնի և Սարգսի հարազատ միջավայրին, ապրում նրանց ամեն ակնթարթը, որ հավերժացվել է պատկերներով ու գեղարվեստական նկարագրով:
Պատմվածքում ներկայացված բոլոր դրվագները համապատասխանում են իրականությանը, վերցված են ականատեսների հուշերից և նրանց մասին պատմված նյութերից:
Գիրքը, որը հրատարակվել է մի խումբ նվիրյալ մարդկանց մեկենասությամբ, իսկական հուշարձան է Լիզբոնի դեսպանատանը մարտիրոսված 5 հայ նահատակ սրբերին: