կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 13:40
Առանց Կատեգորիա

Հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին․ Էդմոն Մարուքյան

Հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին․ Էդմոն Մարուքյան

Հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին: Այս մասին, ըստ Yerkir.am-ի,  Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Լուսավոր Հայաստանի» հետեւորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյոք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում ենք, ապա ինչպե՞ս ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին։

Հարցադրման համատեքստում ուզում եմ արձանագրել հետեւյալը. ոչ միայն տեսնում ենք, այլ նաեւ ցավով արձանագրում, որ սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը:

Ի հակադրություն այդ որակի՝ մեր հետեւորդները զուսպ են ու քաղաքավարի։ Նրանք, որպես կանոն, զբաղված մարդիկ են ու Ֆեյսբուքում «հերոսանալու» ժամանակ ու կարիք չունեն։

Մեր գաղափարակիցները լուռ հետեւում են եւ վստահաբար օր օրի շատանում։ Այլընտրանք չի կարող լինել, քանի որ մեր դավանածը հանդուրժող, այլատյացությունը բացառող, լայնախոհ եւ պարկեշտ մարդու տեսակն է՝ լուսավորական գաղափարներով ոգեշնչված։

Այս ամենի վերաբերյալ իմ ուղերձը հետեւյալն է. ընկերնե՛ր, մի՛ անհանգստացեք, ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր ընտրած ճանապարհից եւ, հատկապես, ֆեյսբուքյան ամբոխային դրսեւորումները, որոնք չեն գերազանցում մի քանի հարյուրը։

Ի դեպ, հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին, նրանք ոչինչ չեն անում ատելության խոսքը նվազեցնելու ուղղությամբ։ Իսկ եթե դուր է գալիս, ապա թող վայելեն մարդակերության այս ժամանակավոր խրախճանքը։

Վերջաբանը տխուր է լինելու եւ առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար, քանի որ տարերային աղմուկ-աղաղակը որպես կանոն ապաքաղաքական է, ո՛չ սկզբունք ունի եւ ո՛չ էլ տրամաբանություն։ Ինչ-որ մի օր այն փոխելու է իր սլաքները՝ շարժվելով այն ուղղությամբ որտեղից սկիզբ է առել ու սաղմնավորվել»: