Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ առաջիններից մեկն է ժամանել Երուսաղեմ՝ Հոլոքոստի հիշատակի միջազգային ֆորումին մասնակցելու, և արդեն հասցրել է ոչ միայն հանդիպել Իսրայելի նախագահ Ռուբի Ռիվլինի հետ ու լուսանկարվել նախագահական պալատում, այլ նաև՝ ընդհարվել Երուսաղեմի ոստիկանության հետ. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է news.israelinfo.co.il կայքը:
Մակրոնի բախումը ոստիկանների հետ տեսանկարահանել է ֆրանսիացի լրագրող Ավա Ջամշիդին: Ֆրանսիայի նախագահը վրդովվել է այն բանից, որ ոստիկանները Հին քաղաքի Վիա Դոլորոզա փողոցում գտնվող Սբ Աննա կաթոլիկ եկեղեցի իր այցից առաջ մտել են այնտեղ, մինչդեռ եկեղեցին պատկանում է Ֆրանսիայի դեսպանությանը: Մակրոնը կտրուկ ձևակերպումներով պահանջել է, որ ոստիկանները հեռանան եկեղեցուց: Նա նշել է, որ բարձր է գնահատում իսրայելական ոստիկանության աշխատանքը, սակայն պահանջում է հետևել օրենքին, որը «գործում է դարեր շարունակ», և լքել Ֆրանսիայի ինքնիշխան տարածքը:
Իսրայելական կայքը գրում է, որ այս օրերին Երուսաղեմում են լինելու աշխարհի 45 երկրից 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրագրողները Հոլոքոստի հիշատակի ֆորումն անվանում են «Իսրայելի պատմության խոշորագույն դիվանագիտական իրադարձություն»: Կարգուկանոնը պահպանում և բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում է մոտ 10 հազար ոստիկան:
Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մակրոնի հետ կապված միջադեպն ավարտվել է բարձրաստիճան հյուրի ներողությամբ, որը նշել է, թե չի ցանկացել վիրավորել ոստիկաններին:
Ի դեպ, մինչև այդ միջադեպը, Մակրոնը լրագրողների ուշադրությանն է արժանացել նախագահական պալատում իր պահվածքով. նա նախագահի մամուլի ծառայության պաշտոնական լուսանկարչից խնդրել է նրա լուսանկարչական ապարատը և անձամբ լուսանկարել նախագահ Ռիվլինի ու Կիպրոսի նախագահի հանդիպումը: «Ինչ հիանալի լուսանկարիչ»,- ֆրանսիացի հյուրին գովել է նախագահ Ռիվլինը: