Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։
Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործն առնչվում է Թովմասյանի` որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահմանը: Գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը, ասված է հաղորդագրությունում:
«Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն», - փոխանցել էր Քննչական կոմիտեն: