Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս հատվածում խնդիրներ էին առաջացել՝ կապված Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, բոլոր հարցերը, որ ծագում են, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում է, փորձում է տեղում լուծել»,- սա հատված է տրանսպորտի, կապի, և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ մայիսի 7-ին տարածած հաղորդագրությունից: Հիշեցնենք՝ նախարար Հակոբ Արշակյանն անձամբ էր այցելել Լոռու մարզ՝ տեսնելու, թե ինչու են տեղի բնակիչները դժգոհում Մ6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածի շինարարությունից: Ծանոթանալով խնդրին՝ նախարարը խոստացել էր, որ մինչև սեպտեմբեր Ալավերդի քաղաքի Բաղրամյանի թաղամասից մինչև էնգելս թաղամասն ընկած հատվածում վերջնական ասֆալտապատ ճանապարհ կլինի:
Սակայն խնդիրը լուծված չէ, ավելին՝ շինարարություն իրականացնող ընկերությունը տեխնիկայի մեծ մասը հեռացրել է շինտարածքից, իսկ տեղացիներին ավելի քան երկու տարի հետապնդող փոշին չի դադարում: Այս պատճառով այսօր առավոտից ալավերդցիները մի քանի ժամով փակել էին Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի հատվածը: Նրանք պահանջում էին, որ իրենց հետ հանդիպեն ճանապարհների շինարարության հետ կապ ունեցող բոլոր պատասխանատուները:
Հավաքվածներն ասում էին, որ վերանորոգող ընկերությունները չեն ապահովում հարթ, թեև գրունտային ճանապարհ, չեն ապահովում բավարար խոնավություն, որ անտանելի փոշին չլինի: Նշում էին՝ աշխատանքի տեմպերը կա՛մ խիստ դանդաղ են, կա՛մ առհասարակ ոչինչ չի արվում: Ի դեպ, շինարարություն իրականացող ընկերությունը ճանապարհի շահագործման վերջնաժամկետը հետաձգել է արդեն երրորդ անգամ: Իսկ ալավերդցիների դժգոհության գլխավոր պատճառն այն է, որ ճանապարհի նշյալ հատվածը, միջպետական մայրուղու մաս կազմելուց զատ, նաև Ալավերդու կարևորագույն փողոցն է, այն շրջանցող այլընտրանքային ճանապարհ չկա:
Հավաքվածներից մեկը բողոքում էր՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 600 աշխատակիցներն իրենց աշխատանքը կորցրեցին պատճառաբանությամբ, թե ձուլարանից թունավոր նյութեր են արտանետվում: «Ասում էին՝ շնչում եք այդ թույնն ու վնասում ձեր առողջությունը: Մեզնից ոմանք լռեցին, ոմանք՝ ոչ, բայց գործարանը փակվեց։ Իսկ այսօր մենք ունենք ավելի լուրջ խնդիր՝ էս ձեր առաջացրած թոզն ավելի վնաս է: էս ճանապարհն ինչո՞ւ քանդեցիք, մեկը կգտնվի՞, որ ինձ ասի, թե ճանապարհն ինչո՞ւ քանդեցիք։ Համբերության բաժակը լցվել է: Ինչ-որ մի տեղից եկել եք, տաք անկյուն եք գտել ձեզ համար, աշխատավարձ եք ստանում, իսկ մենք աշխատանք չունենք՝ մեկ, երկրորդն էլ խեղդվում ենք թոզի մեջ»,- ասաց նա:
Այս պահին ալավերդցիները բացել են ճանապարհը ու սպասում են ճանապարհի շինարարության պատասխանատուների հետ 15.00-ին նախատեսված հանդիպմանը: