կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-22 21:11
Աշխարհ

Վրաստանում ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին

Վրաստանում ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին

Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրանց խոսքերով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:

«Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին»,- ասել է Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում Հայաստանի  քաղաքացի կա: Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են նրան:Այս պահին Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Մեկնարկել է բողոքի թվով երրորդ մեծ հավաքը:

Ավելի վաղ Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրամանագիրը:Աբաշիձեի խոսքերով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում այս որոշման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու համար:

«Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել երկրի ինքնիշխանությունը և բոլոր քաղաքացիների շահերը: Պետք է խուսափել լուրջ հարցերի շուրջ շտապ որոշումներ կայացնելուց»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: