կարևոր
2575 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-20 18:46
Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։

Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նաև, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել թվով 26 անձ։ Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։