կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-24 21:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. էս ինչ ա կատարվում, ամոթ բոլորին. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. էս ինչ ա կատարվում, ամոթ բոլորին. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից

Քիչ առաջ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դուրս եկավ Կապանի ոստիկանության շենքից և շենքի առջև հավաքված քաջարանցիներին ասաց, որ ձերբակալված բոլոր տղաներին տեսել է, նրանք բոլորն էլ բռնության են ենթարկվել։

Դրանից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց։ Ձերբակալվածների հարազատները բորբոքվեցին, ոստիկանության հետ ընդհարումը կասեցրեց Փարամազյանը, որը կոչ արեց սադրանքի չենթարկվել։

«Այո՛, մենք մեր ոստիկաններին հարգում և սիրում ենք, այստեղ կանգնած ոստիկաններն անմեղ են: Գիտենք ամեն ինչ որտեղից է սկսվել, բայց խնդրում եմ չդիմել որևէ սադրանքի և բռնության: Սադրանքի դիմողներ կլինեն, բայց նրանց մեր շարքերից կհեռացնենք»,– ասաց նա։

Նա հավաքվածներին կոչ արեց մի մարդու նման կանգնած մնալ այդտեղ այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չբավարարվեն. «Սա մեր թասիբի հարցն ա»։ Չնայած Կապանում այս պահին հորդ անձրև է տեղում, ցուցարարները չեն ցրվում։ Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին սոցիալական հեռավորություն պահպանել։

Նշենք, որ ավելի վաղ ցուցարարների մոտ եկել էր նաև մարզպետ Հունան Պողոսյանը։ Նրան չհաջողվեց ցուցարարներին համոզել ցրվել։ Փարամազյանի գալուց քիչ անց Հունան Պողոսյանը մտավ ոստիկանություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։