կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-09 17:11
Տարածաշրջան

«Ադեկվադ»-ի անդամները ոստիկանությունից պահանջում են բացահայտել ահազանգեր կատարած անձանց իսկությունը

 «Ադեկվադ»-ի անդամները ոստիկանությունից պահանջում են բացահայտել ահազանգեր կատարած անձանց իսկությունը

Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել «Ադեկվադ» ՀԿ անդամները` պարզաբանելու վերջին օրերին իրենց անդամների հետ կատարվող իրադարձությունները: ՀԿ անդամներից Լիկա Թումանյանը նախ նշեց, որ այսօր առավոտյան մի քաղաքացի` առանց պետհամարանիշների մեքենայով, միտումնավոր հարվածել է ՀԿ անդամ Ազատ Ադամյանի մեքենային, այնուհետ հրահրել է վիճաբանություն, հայհոյել, սադրել ու հեռացել: ՀԿ անդամներին հայտնի է դարձել, որ այդ վիճաբանություն հրահրողը նախկինում դատված, հեղափոխության արդյունքում համաներմամբ ազատ արձակված քաղաքացի է:«Ադեկվադ»-ի նկատմամբ շինծու ահազանգերի մեջ ներգրավվում են քրեածին անձանց:

«Մեզ հայտնի է դարձել, որ այդ անձը բազմաթիվ անգամներ է նման միջոցների դիմել, սակայն տարօրինակ կերպով պատասխանատվության չի ենթարկվում: Մեր շարժումը փորձում են հնարավոր բոլոր միջոցներով զրպարտել, մեզ պիտակավորել: Փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում հանդուրժել ընդդիմություն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է փաստին, որ ՀԿ անդամները ոչ թե ձերբակալվել են, այլ հրավիրվել ոստիկանություն բացատրություն տալու, Լիկա Թումանյանը նշեց. «Փաստը մնում է փաստ, որ մեր անդամներին զրկել են ազատ տեղաշարժի իրավունքից»: «Ադեկվադ»-ի անդամները որոշում են կայացրել` պահանջել ոստիկաններից ահազանգեր իրականացրած անձանց տվյալները, իսկությունը, որովհետև չի կարող այսպես շարունակվել, որ ցանկացած մարդ իրականացնի ահազանգ, որի հիման վրա մարդկանց բերման ենթարկեն:

ՀԿ նախագահ Արթուր Դանիելյանը նշեց, որ ահազանգեր են եղել, թե իբր իրենք ահաբեկել են մարդկանց, վախեցրել, ինչը զարհուրելի սուտ է, և նման բան տեղի չի ունեցել:Արթուր Դանիելյանի խոսքով` իրենք ավելի վաղ են ստացել տեղեկություն, որ ուժային կառույցները գործողություն են պատրաստում իրենց նկատմամբ: «Բայց ես չէի սպասում, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության մակարդակով կհայտարարի այդ  մասին: Սակայն այդ գործողությունների տրամաբանությունը ես դժվարանում եմ հասկանալ: Մեզ սադրում են, որ հետո մեզ պատասխանատվության կանչեն: Ամեն ինչ անում են, որ մեր դեմ մի բան գտնեն: Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է»-ասաց նա:

«Ադեկվադ»-ի անդամները վստահ են, որ իրենց դեմ կատարվող գործողությունները ունեն քաղաքական ենթատեքստ:Արթուր Դանիելյանը նշեց, որ եթե քաղաքական ուժերը պատշաճ իրավական գնահատական տան կատարվածին, ապա հնարավոր է, որ իրավիճակը չսրվի, ամեն դեպքում ՀԿ անդամները սկսելու են քաղաքական ու իրավական գործընթաց:

«Նիկոլ Փաշինյանը ատելության մթնոլորտ է սերմանում, վախի մթնոլորտ, փաստացի ահաբեկում է մարդկանց, բայց մեզ է բռնել տալիս դրա համար: Մենք հետևողականորեն իր հանցագործությունների մասին հաղորդում ենք տալու ոստիկանությանը: Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա նույն վերաբերմունքը, ինչ քաղաքացի Արթուր Դանիելյանը»-ասաց Արթուր Դանիելյանը: Նրա խոսքով` գործող իշխանության պաշտոնատար անձինք իրենց մեղադրում են տոտալիտար հակումներ ունենալու մեջ, մինչդեռ միայն մեկ անձ կա, որը բացահայտ տոտալիտար հակումներ ունի, դա Նիկոլ Փաշինյանն է, ում նկարը ամենուր է` ոգելից խմիչքների, հագուստների, իրերի ու առարկաների վրա, նա է, ով միանձնյա որոշումներ է կատարում, իսկ պատգամավորներն ու իրավապահ համակարգը նրա կամակատարներն են:

«Մեզ մոտ այս պահին ամենաանտաղանդ ու անպիտան տոտալիտարիզմն է տիրում»,- ասաց Արթուր Դանիելյանը: