Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից:
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսյան խաղաղ զարգացումներից մեկ տարի անց. զարգացումներ, որոնք հանգեցրին Հայաստանում նոր կառավարության ձևավորմանը՝ հանձնառու ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Մեկ տարի առաջ հայ ժողովուրդը բարձրաձայնեց իր ցանկությունն ապրել կոռուպցիայից զերծ և իրավունքի գերակայությունը հարգող ժամանակակից ժողովրդավարական երկրում:
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Քննարկումներում նաև անդրադարձ կատարվեց գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, իրավապահ ոլորտում համագործակցության, աջակցության և փոխադարձ բարեկեցության խթանման հարցերի: Պատվիրակությունները վերահաստատեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Այս նոր նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, կխթանի քաղաքացիների ներգրավվածությունը և կօգնի ապահովելու հայ ժողովրդի համար տեսանելի արդյունքներ:
Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները նաև համաձայնեցին իրավապահ ու դատաիրավական բարեփոխումների կարևորության շուրջ՝ այդ առումով արժևորելով ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերը և այս ոլորտում երկկողմ համագործակցության հետագա հնարավորությունները:
Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեցին մեծացնելու երկկողմ մշակութային կապերը և մարդկանց միջև շփումները: Երկու երկրները նախատեսում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ու այդ ծրագրերին աջակցելու մասին: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց ավելացնել անգլերենի ուսուցման ծրագրերը Հայաստանի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հայաստանյան բուհերից մեկում ձևավորել ամերիկագիտության մագիստրոսական ծրագիր: